Վարչապետների շրջանակը՝ Սերժ Սարգսյանի նպատակի մեջ. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը իր այսօրվա խմբագրականում գրում է. Հայաստանում սկսվել է նոր վարչապետի հավակնորդների շքերթ։ Իհարկե, հավակնորդներն իրենք չեն «անցնում», ասենք թե, Հանրապետության հրապարակով, այլ նրանց հրապարակով «անցկացնում» են ակտիվ քաղաքացիները, որոնք հնչեցնում են տարատեսակ անուններ, թե ով է լինելու նոր վարչապետը։ Մյուս կողմից՝ սա հասարակության բնական ռեակցիան է. այդպես կլիներ քաղաքականացված ցանկացած հասարակության դեպքում։
Վարչապետի հնարավոր հավակնորդների շրջանակում կան, այսպես ասած, ավանդական անուններ, և կան նոր անուններ։ Ի մասնավորի, ավանդականներն են՝ Ռոբերտ Քոչարյան, Հովիկ Աբրահամյան, Կարեն Կարապետյան կամ Կարեն Կարապետյաններ։ Այս մարդկանց անուններն արդեն մի քանի տարի է, ինչ պարբերաբար շրջանառվում են։ Տիգրան Սարգսյանի վարչապետ նշանակվելուց հետո պարբերաբար տեղեկություններ են եղել, որ ուր որ է՝ այս մարդկանցից մեկն ու մեկը կարողանալու է հաջողեցնել նրա պաշտոնը։
Այստեղ, իհարկե, առանցքային անուն է Ռոբերտ Քռչարյա նը, որի համար վարչապետի պաշտոնը կարող է լինել քաղաքական ակտիվ կյանք վերադարձի, այսպես ասած, լավ ցատկահարթակ։ Սակայն Ռոբերտ Քոչարյանը երևի թե նաև ամենաքիչ հավանականությունն ունի այնտեղ հայտնվելու, քանի որ դա թերևս առավել պակաս հասարակական դիմադրություն առաջ չի բերի, քան Տիգրան Սարգսյանի դեպքում էր։ Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի նշանակումը պահանջում է չափազանց բարդ և նուրբ տեխնոլոգիաների կիրառում, անկախ նշանակման մոտիվներից, Սերժ Սարգսյանի հետ համաձայնությունից և գլխավորը՝ Ռուսաստանի հետ համաձայնեցումից։ Մինչդեռ այդ տեսանկյունից ժամանակը, ըստ էության, շատ քիչ է՝ նման բարդ տեխնոլոգիաները գործարկելու և Քոչաոյանի թեկուզ պակաս աղմկոտ վարչապետացում ապահովելու համար։
Ինչ վերաբերում է ավանդական մյուս թեկնածուներին, ապա նրանցից առավել պակաս շանսեր ունի Հովիկ Աբրահամյանը։ Խնդիրն այն է, որ Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանի մոտ վաղուց է կորցրել վստահությունը, և վարչապետի պաշտոնին նրան նշանակելը հավասարազոր կլինի սեփական աթոռի տակ ական դնելուն։ Բանն այն չէ, որ Աբրահամյանն ինքը կհայտնվի այդ աթոռին։ Նա պարզապես «կպայթեցնի» աթոռն ուրիշի համար։
Կարեն Կարապետյանի կամ Կարապետյանների տարբերակները առավել հավանականների թվում են, թեև այդուհանդերձ կխուսափենք դրանք առաջնային դիտարկելուց։ Այստեղ կարող է որոշիչ դերակատարում ունենալ Ռուսաստանի անմիջական ազդեցությունը, և այս անձինք, հատկապես «Հայ Ռուսգազարդի» նախկին ղեկավարը կարող է վարչապետի պաշտոնում հայտնվել, եթե դա պահանջի Ռուսաստանը։ Եթե ոչ, ապա Սերժ Սարգսյանին նրա թեկնածությունն այդքան էլ պետք չի գա։
Վարչապետի պաշտոնի համար, այսպես ասած, ոչ ավանդական հավակնորդների անուններն են Վիգեն Սարգսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարը, Սեյրան Օհանյանը՝ պաշտպանության նախարարը, Տարոն Մարգարյանը՝ Երևանի քաղաքապետը, Արմեն Սարգսյանը՝ նախկին վարչապետը։ Այս անուններից որևէ մեկի հավանականության մասին խոսելու համար բավարար նախադրյալները շատ քիչ են, առավել ևս, որ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը նախընտրում է այս գործընթացն իրականացնել «հույժ գաղտնիության» պայմաններում։
Հետևաբար՝ պետք չէ բացառել անգամ, որ նրա թեկնածուն լինելու է մարդ, որի մասին այսօր չեն էլ խոսում։

Կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս