Գարեգին Նուշիկյանը չի հասկացել Սահմանադրական դատարանի որոշումը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը չի հասկացել Սահմանադրական դատարանի կողմից կայացրած երեկվա որոշումը, որով, հիշեցնենք՝ պարտադիր կուտակային բաղադրիչի մասին օրենքի հոդվածների սահմանադրականության հարցով որոշման վիճարկվող դրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր, միաժամանակ իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել սեպտեմբերի 30-ը:

Քանի որ ՍԴ որոշումը տարբեր մեկնաբանությունների առիթ է դարձել, Գարեգին Նուշիկյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե ինքն ինչպե՞ս է հասկացել այն: Ի պատասխան՝ ՀՀԿ-ական պատգամավորը խոստովանեց. «Այդ որոշումն, անկեղծ ասած, չեմ հասկացել: Պետք է իրավաբանորեն խորանալ, հասկանալ, բայց որքան հասկանում եմ՝ վճարումները պետք է շարունակվեն: Երեկ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը հայտարարեց, որ վճարումները պետք է շարունակվեն, թե ոնց կլինի՝ պետք է խորանալ, տեսնել»:

Մեր հարցին՝ արդյոք իր համար ընդունելի՞ է, որ ՍԴ-ն ընդունել է մի որոշում, որի բովանդակությունը շատերն անգամ չեն հասկանում, Գ. Նուշիկյանը պատասխանեց, թե ինքը համաձայն չէ այդ գնահատականին: «Երևի որ խորը կարդանք՝ կհասկանանք՝ ինչի մասին է խոսքը: Այնպես չէ, որ… համենայնդեպս, իրավաբանները, մասնագետները կհասկանան, կբացատրեն, թե դա ի՞նչ է»,- հավելեց նա:

Գարեգին Նուշիկյանից, ով նաև «Նուշիկյան ասոցիացիա» ընկերության հիմնադիր նախագահն է, հետաքրքրվեցինք, թե որպես գործարար՝ ի՞նչ խորհուրդ կարող է տալ գործատուներին՝ աշխատավարձից պահումներ կատարե՞լ մինչև սեպտեմբերի 30-ը, թե՞ ոչ: Պատգամավորը դժվարացավ հարցին պատասխանել՝ նշելով. «Ես ձեռնպահ կմնամ առայժմ խորհուրդ տալուց, մինչև խորությամբ չիմանանք հիմնական կետերը՝ ինչ պետք է արվի, ոնց պետք է արվի»:

Մեր հարցին, թե «Նուշիկյան ասոցիացիան» պահումներ կատարելո՞ւ է, նա դրական պատասխան տվեց. «Ես, իհարկե, գործատու չեմ, բայց տեղյակ եմ, որ մեր կազմակերպությունը շարունակելու է վճարումներ իրականացնել, պահումներ անել, որովհետև մեր կազմակերպությունը փոխհատուցումներն իրականացրել է, աշխատավարձը բարձրացրել է, որպեսզի այդ ծանրությունը չմնա աշխատողների վրա»:

Անդրադառնալով այն տեսակետներին, թե ՍԴ որոշումից հետո ՀՀ կառավարությունը պետք է հրաժարական տա, ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձեց՝ նկատելով. «Եթե սխալվելու մասին է խոսքը, միայն ՀՀ կառավարությունը չի սխալվել, ԱԺ-ն ևս սխալվել է, որովհետև վերջնական որոշում խորհրդարանն է կայացրել, և չեմ կարծում, որ դրա համար Կառավարությունը պետք է հրաժարական տա»:

Ըստ նրա՝ Կառավարության ցանկությունները «դրական են, լավն են», նրանք ուզում են, որ հասարակության, ժողովրդի համար լավ լինի: «Հիմա կարող է ինչ-որ տեղ էլ սխալվեն, ո՞վ չի սխալվում, վերջին հաշվով: Որոշումն ընդհանուր առմամբ վատը չէ, ցանկությունները վատը չեն, գուցե մի քիչ շուտ էր, գուցե մի քիչ այլ ձևով կարելի էր այդ ամենն անել, չգիտեմ, գուցե հասարակությունն այնպես չընկալեց, ոնց ակնկալում էր Կառավարությունը, բայց ասել, որ ամեն ինչ սխալ էր՝ ճիշտ չէ»,- հավելեց նա:

Մեր հարցին, թե գուցե սխալը հենց պարտադիր բաղադրի՞չն էր, պատգամավորը հիշեցրեց. «Դե, կամավոր կար, երկու-երեք տարի գործում էր, բայց ոչ ոք չէր անդամագրվել: Գուցե կամավորից սկսեին, աշխատանք տարվեր, մարդկանց բացատրվեր, որ սա ի օգուտ իրենց է արվում, ու կամաց-կամաց այդ ամենին՝ պարտադիրին գնային, չգիտեմ… Պարզապես կամավորի դեպքում էլ մարդկանց դժվար է բացատրել, համոզել, երիտասարդին ասել, որ՝ սա արվում է քո ծերության համար, թոշակի համար: Մենք էլ ենք երիտասարդ եղել, ավելի քիչ ենք մտածել թոշակի մասին, գրեթե բոլորն էլ այդպիսին են, երիտասարդ ժամանակ չեն մտածում, որ մեծանալու են՝ դառնան թոշակառու: Դրա համար այդ առումով դժվար է մարդկանց համոզել, գուցե դա էր դրդապատճառը, որ պարտադիր եղավ»:

Տեսանյութեր

Լրահոս