Ռասել Քրոուն հետաքրքիր է համարել Երևան մեկնելու գաղափարը
Новое Время թերթի փոխանցմամբ՝ հայտնի դերասան Ռասել Քրոուն ժամանել է Մոսկվա՝ ներկայացնելու համար «Նոյ» ֆիլմը, որում նա խաղացել է գլխավոր հերոսի դերը: Լրագրողները նրան հարցրել են, թե արդյոք չի՞ պատրաստվում մեկնել Հայաստան:
Դերասանը հարցին պատասխանել է հարցով, թե ինչ կա այնտեղ: Նրան պատասխանել են, որ հայերն ունեն Նոյան տապանի կտոր, որը պահվում է թանգարանում: Ռասել Քրոուն ժպտալով պատասխանել է, որ հայերը ձեռներեց ժողովուրդ են. «Հայաստանը հարուստ պատմություն ունեցող երկիր է, ընդհանրապես հետաքրքիր կլիներ Երևան մեկնելը: Շնորհակալ եմ այդ գաղափարի համար»:
Նշվում է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ռասել Քրոուի հետ հանդիպման ժամանակ օրհնել է ամերիկացի ռեժիսոր Դարեն Արոնոֆսկու «Նոյ» ֆիլմը: 2013 թվականի հոկտեմբերին Paramount ստուդիան սկսել է «Նոյի» փորձնական ցուցադրությունները, որոնց ներկա են գտնվել կրոնական տարբեր համայնքների ներկայացուցիչներ:
Ֆիլմն առաջացրել է նրանց ոչ միանշանակ արձագանքը: Ֆիլմը քննադատության է արժանացել Աստվածաշնչի տեքստին չհամապատասխանելու, ինչպես նաև հարբած Նոյի տեսարանի համար: Բացի այդ, մուսուլմանական ավանդույթն արգելում է մարգարեների պատկերումը, որոնց թվում է նաև Նոյը: Դրա հետ կապված՝ իսլամական մի շարք երկրներում նախապես արգելվել է ֆիլմի ցուցադրությունը:
«Նոյ» ֆիլմը հանդիսացել է ռեժիսորի խոշորագույն բյուջեով կինոնախագիծը, ֆիլմի նկարահանման վրա ծախսվել է մոտ 130 միլիոն ամերիկյան դոլար: