Խորհրդակցություն` առատ ձյան հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել` եղանակային կտրուկ փոփոխությունների հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ կապված: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության լրատվական ծառայությունը։
Մասնակցել են ՀՀ արտակարգ իրավիճակների, էներգետիկայի և բնական պաշարների, տրանսպորտի և կապի, տարածքային կառավարման նախարարությունների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչներ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի մարզպետները:
Պատասխանատուները զեկուցել են հանրապետությունում օպերատիվ իրավիճակի, ճանապարհների մաքրման, էներգամատակարարման վերականգնման ուղղությամբ կատարված և կատարվող աշխատանքների մասին:
Նշվել է, որ մարտի 30-ի առավոտյան հանրապետությունում հոսանքազրկվել էր 230 բնակավայր, որոնց հիմնական մասում էներգամատակարարումը վերականգնվել է: Մարտի 31-ի առավոտյան, ժամը 09.00-ի դրությամբ, հոսանքազրկված է մնում 17 բնակավայր` 6 370 բաժանորդով: Աշխատանքներ են տարվում օրվա ընթացքում նշված բնակավայրերում ևս էներգամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:
Տեղեկացվել է, որ Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայությունները իրականացրել են մեքենաների դուրս բերման, քարաթափումների հեռացման աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարության Ճանապարհաշինական վարչությունը շարունակում է հանրապետության ճանապարհների մաքրումը:
Ներկայումս փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը, ինչպես նաև մի շարք միջհամայնքային ճանապարհներ, կան նաև դժվարանցանելի ճանապարhահատվածներ: Տեղումները ներկայումս շարունակվում են հանրապետության հարավային մասում, որոնք օրվա երկրորդ կեսին կդադարեն:
Արտակարգ իրավիճակների և Տրանսպորտի և կապի նախարարությունները պարբերաբար տեղեկություններ կհաղորդեն ճանապարհների իրավիճակի վերաբերյալ:
Փոխվարչապետը հանձնարարել է արագացնել հակակարկտային կայանքների տեղադրման աշխատանքները Արարատի, Արագածոտնի և Լոռու մարզերում: Մարզպետներին հանձնարարվել է սեղմ ժամկետներում մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման հինգերորդ հրատապ ծրագրում փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել կառավարություն, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահել մարզերում առողջապահական և կրթական հաստատությունների բնականոն գործունեության ապահովման հարցը:
Առաջիկայում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների հետ կքննարկվեն ոլորտում ստեղծված իրավիճակն ու առաջիկա անելիքները: