Բաժիններ՝

Վահագն Խաչատրյանը հակադարձում է Սերժ Սարգսյանին. Մարդիկ ամեն օր են խոսում գազի գնից, գուցե Ս. Սարգսյանի շրջապատո՞ւմ չեն խոսում

«Զարմանալի է, որ երկրի պատասխանատու մարդն այդ կերպ է մեկնաբանում ստորագրած խայտառակ պայմանագրերն ու թյուրիմացության մեջ գցում մարդկանց` ասելով, թե Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում ամենաէժան գներով. Բելառուսի օրինակը գոնե կա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե քաղաքացիները, «փառք Աստծո, գոնե որևէ մեկը չի խոսում գազի գնի մասին, որ ամրագրված է «Գազպրոմի» հետ պայմանագրում»:

«Ինչո՞ւ չեն խոսում, որովհետև ամենացածր գինն է, որ Ռուսաստանը տալիս է որևէ երկրի, և երկրորդ՝ մի քանի անգամ մենք սրա մասին խոսեցինք, ասացինք, մարդիկ հասկացան, հասկացան նաև, որ այդ պայմանագիրը հինգ տարով ամրագրում է այս գինը, և այն կապակցված է Ռուսաստանի Դաշնության ներքին գների հետ, որոնք առանձնապես չեն աճելու կամ աճելու են առավելագույնը տարեկան մինչև հինգ տոկոս»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Մեզ հետ զրույցում Վահագն Խաչատրյանն ասաց, թե Ս. Սարգսյանը սխալ է տեղեկացված և չի տիրապետում իրականությանը: «Ես չգիտեմ՝ իր խորհրդականներն ովքեր են, որ իրեն նման սխալ տեղեկատվություն են տալիս. կարող են հանգիստ օգտվել «Գազպրոմ» ընկերության կայքից, Բելառուսի վիճակագրական ծառայության կայքից ու տեսնել, թե իրականում ինչ է կատարվում: Ասում է, թե մարդիկ չեն խոսում. մարդիկ ամեն օր են խոսում գազի գնից, գուցե Ս. Սարգսյանի շրջապատո՞ւմ չեն խոսում»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ գազի գինը կարող է բարձրանալ տարեկան մինչև 5 տոկոս, ապա Վահագն Խաչատրյանը հարց ուղղեց. «Քիչ է, հա՞, 5 տոկոսը… Մարդիկ ի՞նչ անեն, իրենց եկամուտները տան միայն գազի՞ն… հա՞… տարօրինակ է: ՀՀ-ի գազի գինը կապված է Օրենբուրգի գազի ներքին գնին, հիմա հնարավոր է, որ Օրենբուրգում ոչ թե՝ 5, այլ՝ 10 տոկոս բարձրանա, հետո՞, կարո՞ղ է մեր պաշտոնյաներն էլ ասեն, թե՝ Օրենբուրգից այսքան ճանապարհ գազ ենք բերում, բա չթանկանա՞ գազի գինը: Իշխանությունները քաղաքացիներին պատրաստում են գազի գնի հերթական թանկացմանը»:

Կարդացեք նաև

Սերժ Սարգսյանը նաև ասել էր. «Եթե խողովակ չփոխենք, եթե ժամանակակից սարքավորումներ չդնենք, և այլն, վաղը-մյուս օրը մենք կարող ենք շատ մեծ խնդիրների առջև կանգնել, բայց որպեսզի կարողանանք դա անխափան օգտագործել, մենք պետք է ներդրումներ անենք. 30 տարվա խողովակով, 40 տարվա խողովակով չես կարող այդ ճնշումները բաց թողնել, չես կարող այդ մատակարարումներն անել»: Այս առնչությամբ ՀԱԿ անդամն ասաց.

«Եթե այս հանձնարարությունը տան Տնտեսագիտական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողներին, նրանք շատ արագ  կբացահայտեն, թե իրականում ինչ է տեղի ունենում: 200 կմ-ի վրա հնարավոր չէ, որ գազի գինը սպառողի համար 2 անգամ թանկանա: Սա բացատրություն չէ, տնտեսագիտություն չէ… Ուղղակի խոսքեր են, չգիտեմ՝ ովքեր են խորհուրդ տվել Ս. Սարգսյանին նման բան ասել…»,- նշեց Վ. Խաչատրյանը:

Իսկ իրականությունը, նրա համոզմամբ, մեկն է՝ ՀՀ քաղաքացիներն իրենց գրպանից վճարում են ամենաթանկ գազի դիմաց, այն դեպքում, երբ գազի որակն իրեն անգամ չի արդարացնում: «Փաստը մնում է փաստ, որ ես գազի վրա դնում եմ թեյնիկ, որ ջուրը եռա, ու երբ նույն թեյնիկը նույն պայմաններում դնում եմ եռալու Թբիլիսիում, այնտեղ արագ է եռում, հիմա ի՞նչ են ինձ ուզում ասել: Հիմա ասում են՝ խողովակ են վերանորոգում, չգիտեմ՝ ինչ են անում, ինձ՝ որպես ՀՀ քաղաքացի, դա հետաքրքրո՞ւմ է: Ոչ, չի հետաքրքրում, ինձ պետք է, որ գազօջախի վրա դրված ջուրն արագ եռա»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ ՀՀ իշխանությունները «Գազպրոմի» հետ միասին թալանում են քաղաքացիներին:

Վահագն Խաչատրյանը նկատեց նաև, որ Ս. Սարգսյանի խոսքն ԱԺ-ում ստեղծված «գազի» հարցով ժամանակավոր հանձնաժողովին ուղղորդելու միտում ուներ: «Կարելի էր սպասել՝ ավարտվի հանձնաժողովի աշխատանքը, հետո նոր միայն եզրակացություններ անել: Ինչո՞վ էր պայմանավորված ելույթը հենց հիմա, ինչո՞ւ հենց հիմա: Սա արդեն աշխատանքային ոճ է, որը ծանոթ է բոլորիս: Եթե ավելի խորանանք, նույնը Մարտի մեկին եղավ, երբ հանձնաժողովի ստեղծման առաջարկ եղավ, կուտակայինի դեպքում… »,- եզրափակեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս