Գագիկ Ծառուկյանը «Երկրապահ» է ստեղծում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. Ինչպես երևում է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ղարաբաղյան կլանին մաքրելու ուղղությամբ լր ջագույն քայլեր է իրականացնում և կուլիսային խոսակցությունները կամաց-կամաց միս ու արյուն են ստանում։ Գործի են անցել ուժայինները՝ ազատամարտիկների դեմքով։
Երեկ armlur.am-ը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո) և Ռուստամ Գասպարյանն արդեն երկու ամիս է, ինչ «դռնեդուռ ընկած» ազատամարտիկներ են որոնում։ Նրանք նպատակ ունեն «Երկրապահ» կամավորականների միության նման մի նոր կառույց սարքել՝ Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ։
Աժ ազատամարտիկ պատգամավորները Գագիկ Ծառուկյանին խոստացել են միավորել բոլոր ազատամարտիկներին (նաև նրանց, ովքեր տարբեր պատճառներով ԵԿՄ-ում չեն) և իրենց շուրջ ստեղծել ուժային մի թիմ, որը պատրաստ կլինի ցանկացած զարգացման։ Ծառուկյանն էլ համաձայնել է և հրահանգել գործի անցնել։
Եվ այսպես, մեզ հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել ազատամարտիկ պատգամավորների գործունեությունից։ Պարզվում է՝նրանք որպես հիմնավոր քարոզչություն, ընտրել են Սերժ Սարգսյանի «Երկրապահ» կամավորականների միության համագումարի ժամանակ ունեցած ելույթը։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե «այսօր պետք է լսելի դառնա երկրապահի ձայնը, փոխարենը լսելի են առանձին անհատների նվնվոցները տարբեր հրապարակներում, թե մենք երկիր ենք պահել, արյուն ենք թափել, և հիմա կամ շատ բարձրացրեք մեր թոշակները, կամ էլ հեղափոխություն ենք անելու։ Մենք շատ լավ գիտենք՝ ով որտեղ և ինչքան արյուն է թափել, մենք նաև շատ լավ գիտենք այդպիսի մարդկանց խոսքի արժեքն ու նրանց գործողություն կատարելու ունակությունը»։
ԲՀԿ-ականները փորձում են կոնսոլիդացիան ապահովել հենց այս խոսքերից վիրավորվածների, Մանվել Գրիգորյանից տարբեր պատճառներով նեղացածների և իսկապես սոցիալապես ծայրահեղ պայմաններում ապրող ազատամարտիկների հաշվին։
«ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գասպարյանն ու Գեւորգյանը ազատամարտիկներին խոստանում են ամեն ամիս թոշակ տալ, օգնել կենցաղային շատ այլ հարցերում, գրասենյակներ բացել ողջ երկրում, և այսպես շարունակ։
Իհարկե, Սերժ Սարգսյանի կողմից չգնահատված, ջիփեր չունեցող ևԵԿՄ-ի հետևից վազելու պատրաստակամություն չցուցաբերող ազատամարտիկները կարող են օգտվել առավել մարդկային թվացող առաջարկից, եթե իրականում հասկանային, թե ինչ կարող Է լինել «առաջիկա զարգացում» ասվածը։ Բացի այդ, կա եւս մեկ կարեւոր հանգամանք. ԵԿՄ-ից դուրս մնացած ազատամարտիկների մի զգալի հատված պարզապես չի վստահում Ռուբեն Գևորգյանին. որովհետև նա առավել շատ խոսում է, քան գործում։ Ու թվացյալ խիզախությունը շատ հարցերում հակառակ կերպ է դրսևորվում։
Քանի որ և՛ Ռուբեն Գևորգյանը, և՛ Ռուստամ Գասպարյանը ԵԿՄ անդամներ են, նրանք միաժամանակ չեն ցանկանում իրենց հարաբերությունները փչացնել նաև ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ։ Իմանալով, որ Գրիգորյանը կարոդ է նեղանալ կամ բարկանալ, Ռուբեն Գևորգյանը վերջերս զրուցել է գեներալի հետ՝ բացատրելով որ իրենց նախաձեռնությունը «Երկրապահի» դեմ չէ, այլ նպատակ ունեն ԵԿՄ-ից դուրս եկած, ինչ-ինչ պատճառներով նեղացածներին համախմբել։
Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում։