Ղրիմի իրադարձությունների հետ կապված Անդրեյ Մակարևիչին ցանկանում են զրկել շքանշանից
«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի փոխանցմամբ` Ղրիմի հետ կապված հանրային պառակտման հերթական զոհը կարող է դառնալ հայտնի երաժիշտ Անդրեյ Մակարեւիչը:
Խնդիրն այն է, որ ոմն Լյուդմիլա Լիսունովա բաց նամակով դիմել է երկրի ղեկավարությանը` պահանջելով Անդրեյ Մակարեւիչին «զրկել բոլոր կոչումներից եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանից»:
Պատճառը Մակարեւիչի մասնակցությունն է մարտի 15 –ի խաղաղության երթին եւ նրա արտահայտությունները` Ուկրաինայի գործերին Ռուսաստանի միջամտության անթույլատրելիության մասին:
«Մակարեւիչը մարտի 15-ին, Մայդանի մարդասպանների հետ անցնում էր Մոսկվայի փողոցներով եւ բանդերականների կարգախոսներ հնչեցնում…Սա նշանակում է, որ Մակարեւիչն ուղիղ կերպով մարդկանց սպանության է դրդում Ուկրաինայում ու հետեւաբար նաեւ` Ռուսաստանում»,-մասնավորապես նշել է տիկինը:
Երաժիշտն իր հերթին հրաժարվել է մեկնաբանել «բաց նամակը»` նշելով, որ «խելագարներին պետք չէ գովազդել»: Վերջերս նաեւ չեղյալ է համարվել «Մաշինա վրեմենի»-ի համերգը Տվերի նահանգում, որի պատճառների մասին, ըստ պարբերականի, դժվար չէ կռահել: