Տուժողը չի բողոքել. 24-ամյա երիտասարդն ազատ է արձակվել դատականի նիստերի դահլիճում
Դատարանը նիստերի դահլիճից ազատ է արձակել և դադարեցրել է դանակի միջոցով առողջությանը ծանր վնաս պատճառելու, ապա առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրված անձի նկատմամբ քրեական հետապնդումը: 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Հրազդանի Զ.Անդրանիկ պողոտայից դեպի աջ գտնվող ավտոկայանի և երկաթգծի կայարանի միջև ընկած հատվածում հարաբերություններ պարզելու համար՝ վիճաբանության մեջ է մտել Հրազդան քաղաքի բնակչի հետ, որի ընթացքում իր վրա արձակված կրակոցներից հետո, իր մոտ առկա դանակի միջոցով՝ դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրան, որի հետևանքով վերջինիս առողջությանը պատճառել է ծանր վնաս:
Նրան մեղադրանք էր առաջադրվել առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով): Նա կալանավորված է եղել:
Առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում դատախազը որոշում է կայացրել փոխել երիտասարդին առաջադրված մեղադրանքը. արարքը դատախազի կողմից որոկվել է որպես առողջությանը ծանր վնաս պատճառել (ՀՀ քրեական օրենգրքի 120-րդ հոդված):
Ըստ մեղադրանքը պաշտպանող դատախազի` դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցներն անհերքելիորեն վկայում են այն մասին, որ ամբաստանյալն իր առողջությանը վնաս պատճառած անձի նկատմամբ գտնվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, իսկ տուժողի առողջությանը ծանր վնաս է պատճառել անզգուշությամբ: Դատախազը միևնույն ժամանակ միջնորդել է դադարեցնել քրեական հետապնդումը 24-ամյա երիտասարդի նկատմամբ՝ նշելով, որ տուժողի բողոքը բացակայում է:
Առաջին ատյանի դատարանը որոշել է կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել քրեական հետանդումը 24-ամյա երիտասարդի նկատմամբ: Դատարանի որոշմամբ՝ նա ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճում: Այս որոշումն ուժի մեջ է մտնելու հրապարակումից մեկ ամիս անց. այդ ընթացքում այն կարող է բողոքարկվել քրեական վերաքննիչ դատարան: