Եթե Իրանը մեզ էժան գազ տա…
«Եթե Իրանը մեզ էժան գազ կտա, մենք երկու ձեռքով կողմ ենք Իրանից գազ գնելուն»,- այսօր ասուլիսի ժամանակ իրար հաջորդելով հայտարարեցին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ու նույն հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ մեկնաբանելով օրերս Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությանը, թե Հայաստանը բանակցություններ է վարելու Իրանի հետ սպառման համար գազ գնելու հարցի շուրջ:
Մ.Մելքումյանը հավաստիացրեց, թե դա դա չի խանգարում ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ կնքված պայմանագրին:
«Կարող ենք գնել, էժան կտան՝ կգնենք, էժան չեն տա՝ չենք գնի»,- հաստատեց Վ.Այվազյանը:
Մ.Մելքումյանը նշեց, որ «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը մոտ 10 օր առաջ ՀՀ-ում էր և հայտարարեց, որ մեր սպառումը հիմա 1.7 մլրդ խմ է, որը հասցվելու է 2.7 մլրդ խմ-ի, այսինքն՝ 1 մլրդ խմ-ով ավելացնելու են՝ կապված և´ «Նաիրիտի», և´ ընդհանրապես տնտեսության զարգացման հետ. «Հիմա դա կլինի իրանական գազ, թե՝ այլ, համակարգի շահագործողը «Գազպրոմն» է և, եթե գազը մտավ համակարգ, էլի «Գազպրոմինն» է: Բայց ասեմ, որ իրանական գազը նավթի ուղեկից գազ է, դա հիմնական հանքավայրի գազ չէ»: