«Արցախը կանգնել է անկախ պետականության կերտման ճանապարհին, իսկ Ղրիմը գերադասել է մտնել Ռուսաստանի կազմի մեջ». ԳԱԼԱ
Զուգահեռներ են տարվում միայն միջազգային իրավունքի նմանության համար: Զուտ քաղաքական առումով Ղրիմի և Արցախի նմանությունը բացակայում է: ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանը` անդրադառնալով այն հարցին, թե ինչու են զուգահեռներ անցկացվում Ղրիմի և Ղարաբաղի միջև:
«Ռուսաստանը հիմա գտնվում է առաջատար խաղացողների վեկտորի մյուս կողմում, ինչը Արցախը չունի: Եվ ընդհանրապես աշխարհում տիրող քաղաքական այս իրավիճակում միջազգային իրավունքի նորմերը հավասարապես չեն գործում: Սրա վկայությունն այն է, որ Արցախի Հանրապետության անկախությունը մինչ օրս չի ճանաչվել»,- ասել է Վ. Բալասանյանն ու որպես օրինակ ընդգծեց այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնությունը Կոսովոն չի ճանաչել, ճանաչել է Աբխազիան և Հարավային Օսեթիան, այսուհետ նաև Ղրիմը, իսկ ԱՄՆ-ն` լրիվ հակառակը:
«Ըստ իս, Ռուսաստանի Դաշնությունում առաջինը պետք է ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը: Համոզված եմ, որ Ռուսաստանը ուշացումով, բայց ներողություն պիտի խնդրի, իսկ հետո` ճանաչի»: Անդրադառնալով քննարկումներին և Ղրիմ-Արցախ նմանությանն ու տարբերությանը՝ Վիտալի Բալասանյանը նշել է, որ այս դեպքում հարկ է նախ վերադառնալ ու պատմական անդրադարձ կատարել` և’ տարածքային և’ ազգային առումներով: «Ցանկացած ազգային պետության հիմքում դրված է եղել ազգային ինքնորոշման խնդիրը: Մեր պարագայում` Արցախի Հանրապետության ինքնորոշման մասով, պետք է ընդգծեմ, որ մենք ինքնորոշվել ենք մեր պատմական տարածքների միայն և միայն մի մասի վրա: Արցախի ինքնորոշումը միջազգային չափանիշներին համապատասխան է կատարվել` թե պատմական, և թե այլ առումներով: Ազգերի ինքնորոշման սկզբունքներով Արցախի Հանրապետությունը և դե յուրե, և դե ֆակտո ինքնորոշվել է բոլոր նորմերի շրջանակում: Նրանք, ովքեր ժամանակին կասկածի տակ են դրել և դնում Արցախի անկախությունը, եզրակացությունս մեկն է, որ նրանց դիրքորոշման ակունքում եղել է նրանց շահերի առաջնայնությունը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: