Բաժիններ՝

ԵՊԲՀ-ը լավագույնս զուգակցել է կրթական և բժշկական գործընթացները. Ա. Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Երևանի պետական բժշկական համալսարանի Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ շրջել է նոր վերակառուցված բաժանմունքներում և ծանոթացել կատարված աշխատանքներին:

Նախարարը, բարձր գնահատելով բուհի իրականացրած աշխատանքները, նշել է, որ Երևանի պետական բժշկական համալսարանն իրավամբ Հայաստանի լավագույն բուհերից մեկն է, որը հատուկ շեշտադրում է իրականացնում ուսումնական և բժշկական գործընթացների զուգադրման վրա:

«Այսօր հնարավոր չէ պատրաստել որակյալ բժիշկ` առանց բժշկական պրակտիկայի: Բժշկական համալսարանի ջանքերով վերանորոգվել են մի քանի բաժանմունքներ, որոնք, բացի բուժականից, ունեն նաև ուսումնական նշանակություն: Այսինքն` բուհը լավագույնս զուգակցել է կրթական և բժշկական գործընթացները: Համալսարանում ժամանակակից պայմաններ են ստեղծված կրթական և առողջապահական ծառայությունների համար, որը ևս մեկ անգամ ընդգծում է, որ բուհը ճիշտ ուղու վրա է:Բացի այդ, ԵՊԲՀ-ն ոչ միայն խոշոր բուհական հաստատություն է, այլ հանրապետության առաջատար բժշկական հիմնարկներից մեկը, որտեղ աշխատում են լավագույն բժիշկները: Բացի այդ, այստեղ կարելի է ոչ միայն կրթություն ստանալ, այլ նաև բուժվել»,-նշել է Ա, Աշոտյանը` ընդգծելով, որ բուհը ծրագրում է հետագայում նոր սարքավորումներ ձեռք բերել` ինչպես համալսարանի միջոցների, այնպես էլ բարերարների, այդ թվում` սփյուռքահայ, աջակցությամբ:

Նախարարը նաև հավելել է, որ Բժշկական համալսարանն ունի մեծ պոտենցիալ` կտրուկ ավելացնելու օտարերկրյա ուսանողների թիվը: Սակայն վերջինիս համար, ըստ Ա. Աշոտյանի, երբեմն խոչընդոտ է հանդիսանում ժամանակակից հանրակացարանային համալիրի բացակայությունը. ներկայիս համալիրն արդեն գերհագեցած է: Խնդրի լուծման համար նախարարն առաջարկել է նաև ուսանողական ավանի հիմնման գաղափարը, որը, ըստ Ա. Աշոտյանի, կկարողանա բավարարել ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղացի ուսանողների համար լավագույն պայմաններ:

Այցից հետո նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանել է ՀՊՃՀ-ի նախկին ռեկտոր Արա Ավետիսյանի պաշտոնանկության խնդիրը` ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրելով անհարկի չշահարկել վերոնշյալ խնդիրը:

«ՀՊՃՀ-ի նախկին ռեկտորը, ըստ ամենայնի, որոշել է բուհի հետագա զարգացման համար բազմակարծության պայմաններում ստեղծել նոր հնարավորություններ` այս ցանկությունները վերածելու աշխատանքի: Արա Ավետիսյանը մնում է կրթության և գիտության համակարգում. նա ԳԱԱ անդամ է, դասախոսում է ԵՊՀ-ում: Ինչ վերաբերում է բուհում ուսումնասիրւթյունների անցկացմանը, ապա կարծում եմ, որ դրանք ոչ մի գերատեսչության` սկսած նախարարությունից, վնաս չեն տալիս: Եվ, առհասարակ, չկա որևէ հիմնարկ, որտեղ խնդիրներ չլինեն: Հակառակը` կարծում եմ, որ ուսումնասիրությունները թույլ են տալիս բոլոր բուհերին, այդ թվում` Պոլիտեխնիկին, իմանալ իրենց թույլ տեղերը և շտկել բաղթողումները` ապագայում ավելի արդյունավետ կառավարման և զարգացման հեռանկար ունենալու համար: Ուզում եմ նշել, որ Պոլիտեխնիկը ֆինանսապես կայուն է, և որևէ անհանգստություն ուսանողների և դասախոսների համար գոյություն չունի: Նշեմ, որ մոտ ապագայում ականատես կլինենք բուհական համակարգում նախարարության կողմից առավել կոշտ, ուշադիր և կտրուկ քայլերի հերթականության, որպեսզի կարողանանք թռիչքաձև զարգացում ապահովել տարբեր բուհերում: Համոզված եմ, որ բուհի ներսում առկա տարաձայնությունները պետք է արագ հարթվեն և չազդեն բուհի հետագա զարգացումների վրա: Բուհը պետք է վերադարձնի իր երբեմնի ամբողջական փառքը և շքեղությունը` որպես հանրապետության առաջատար բուհերից մեկը: Պոլիտեխնիկն այսօր անցնում է միջազգային հավատարմագրում, իրականացնում բազմաթիվ եվրոպական կրթական ծրագրեր, համագործակցում մասնավոր հատվածի հետ,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ մոտ ապագայում գուցե հանրապետության երկու խոշորագույն բուհերը` ՀՊՃՀ-ն և ԵՊՃՇՀ-ն վերամիավորվեն, ինչպես եղել է նախկինում: «Կարծում եմ` երկու բուհերի հնարավոր վերամիավորումից կունենաք ավելի մեծ, միասնական Պոլիտեխնիկ` իրականացնելով ավելի համակարգված, միասնական քաղաքականություն»,-նշել է Ա. Աշոտյանը:

Նախարարը պատասխանել է նաև ԵՊԲՀ-ից դուրս մնացած ուսանողների վերաբերյալ լրագրողների հարցին. «Զարմանալի է, որ ակադեմիական վատ առաջադիմություն ունեցող ուսանողները դժգոհում են, որ դուրս են մնում բուհից: Կարծում եմ, որ ուսանողներն առաջին հերթին պետք է դժգոհեն իրենցից: Ուզում եմ նշել, որ, այո, այս տարի մենք բուհի 93 ուսանողի համար բացառություն չենք արել նախորդ տարվա նման: Նախ, անցյալ տարի նման ուսանողների քանակն ավելի մեծ էր` շուրջ 200 հոգի: Բացի այդ, բացառությունը կարող է բուհի ֆինանսական կայունության համար որոշակի խնդիրներ ստեղծել: Բայց, ամենակարևորը. ԵՊԲՀ-ն այս տարի իջեցրել է իր քննական շեմը շուրջ 10 միավորով` ընդառաջելով ուսանողներին: Արդեն նվազեցված շեմով քննություն հանձնած և ուսումնական գործընթացը չհաղթահարած ուսանողին մենք չենք կարող ընդառաջել. բժիշկը պետք է լավ սովորի: Անկախ ընթացիկ խնդիրներից` ուսանողի թիվ մեկ և սրբազան պարտականությունն է ` սովորել: Եթե ուսանողը մի քանի անգամ չի ստանում քննությունը, առաջին հերթին մեղավորն ինքն է: Պարբերար ակնկալել նախարարից ընդառաջում, համարում եմ բուհում ուսանող պահելու անիմաստ և ինքնանպատակ քաղաքականություն: Ասեմ ավելին` տարկետման իրավունքով սովորող ուսանողների համար իրավիճակն ավելի կտրուկ է. գործող օրենսդրությունը պարտադրում է, որ սահմանված քննաշրջանի շրջանակներում քննությունը չհանձնած արական սեռի անձանց տվյալներն ուղարկենք զինկոմիսարիատներ»,-նշել է նախարարը:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս