Իլհամ Ալիևը մոտ ժամանակներս այցելելու է Իրան
Haqqin.az պորտալի փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մոտ ժամանակներս այցելելու է Իրան: Այս մասին Թեհրանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմպուրը:
Վերջինիս խոսքերով` Ալիևի իրանական այցի ժամանակ քննարկվելու է երկու երկրների միջև առևտրային կապերի ընդլայնման հարցը: Ռահիմպուրը հայտարարել է, որ Իլհամ Ալիևի հետ իրենք քննարկելու են տնտեսական հարաբերությունների ամրապնդումն ու համատեղ ներդրումների հարցը:
Նշվում է, որ սրանից առաջ Իլհամ Ալիևն Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ հանդիպել է Դավոսի ֆորումի շրջանակներում, որի ժամանակ Ռոուհանին նրան հայտնել է, որ իր երկիրը շահագրգռված է Ադրբեջանի հետ տնտեսական ու էներգետիկ համագործակցությամբ:
Իլհամ Ալիևը վերջին անգամ Իրան այցելել է 2009 թվականին, երբ նա մասնակցել է Իսլամական համագործակցություն կազմակերպության գագաթաժողովին:
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին հայտնի դարձավ, որ Հասան Ռոուհանին Իլհամ Ալիևին հրավիրել է Իրան: