Հասան Ռոուհանին Իլհամ Ալիևին հրավիրել է Իրան
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը երեկ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպանատան մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ իրանցի դեսպանը Իլհամ Ալիևին է փոխանցել Իրան այցելելու մասին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հրավերը: Իլհամ Ալիևը դրականորեն է ընդունել Ռոուհանիի հրավերը:
Ալիևը հավելել է, որ Շվեյցարիայի Դավոս քաղաքում Իրանի նախագահի հետ հանդիպելուց հետո երկու երկրների փոխհարաբերություններում սկսվել է նոր փուլ: Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է բոլոր ոլորտներում համագործակցել Իրանի հետ:
Հիշեցնենք, որ չնայած նրան, որ նախորդ տարվա ամռանն Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանի երդմնակալությանը մասնակցելու վերաբերյալ Իրանից հրավեր էր ստացվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունով՝ վերջինս չէր մասնակցել դրան: Օգոստոսի 3-ին տեղի ունեցած այդ արարողակարգի ժամանակ Ադրբեջանը ներկայացրել էր խորհրդարանի նախագահ Օգտայ Ասադովը: