Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայում ձևավորվել է հատուկ թիմ

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայում ձևավորվել է հատուկ թիմ, որը կպայքարի 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ հայկական պնդումների դեմ:

Թուրքիայի վարչապետական ապարատում ստեղծված այդ թիմը գրություն է ուղարկել բոլոր նախարարություններին, որում ցանկություն է հայտնել, որ նրանք ներկայացնեն հայկական պնդումների դեմ պայքարելու մասին իրենց ծրագրերն ու առաջարկները:

Ընդգծվում է, որ ԱԳՆ-ի, Եվրամիության հարցերով նախարարության ու վարչապետական ապարատի խորհրդականների մասնակցությամբ գործընթացի շրջանակներում պլանավորված է չեզոքացնել Հայկական սփյուռքի թեզերը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունվարի 17-ին մահացած թուրք հանրահայտ լրագրող և վերլուծաբան Մեհմեթ Ալի Բիրանդը Թուրքիայի իշխանություններին շարունակ կոչ էր անում, որ Թուրքիայի խորհրդարանը 2015 թվականին ընդառաջ վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, և որ իշխանությունները Թուրքիայի քաղաքացիություն շնորհեն երկրում բնակվող 70.000 հայ ապօրինի ներգաղթյալների: Բիրանդի կարծիքով՝ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից հետ կանգնեց Ադրբեջանի պատճառով:

Բիրանդը գտնում էր, որ դրանով յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ից առաջ Թուրքիան չի հայտնվի ցայտնոտային իրավիճակում և իր հայացքը չի գամի ԱՄՆ-ում ցեղասպանության քննարկումների ու նախագահի ելույթի վրա: Ըստ Բիրանդի՝ Թուրքիան պարտվել է Հայոց ցեղասպանության դեմ իր ժխտողական պայքարում, քանի որ 100 տարվա ընթացքում Թուրքիան նախ գլուխը թաղել է ավազի մեջ, չի քննարկել այդ հարցը և անգամ իր հասարակությանը պահել է տվյալ խնդրի շուրջ անիրազեկության մեջ և միաժամանակ այդ ողջ տարիներին չի կարողացել միջազգային հանրությանն ապացուցել, որ ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել։ Բիրանդն իր հայրենակիցներին կոչ էր արել գոնե մեկ իրենց պահել ոչ թե որպես թուրքեր, այլ՝ որպես եվրոպացիներ:

Տեսանյութեր

Լրահոս