Նալբանդյանն ու Ֆաբիուսը քննարկել են Ֆրանսիայի նախագահի՝ Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները

Էդվարդ Նալբանդյանի և Լորան Ֆաբիուսի հանդիպումը

Աշխատանքային այցելությամբ մարտի 13-ին Փարիզ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ:

Նախարարներ Նալբանդյանն ու Ֆաբիուսը քննարկեցին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ այս տարվա մայիսին Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները։

Զրուցակիցները, գոհունակությամբ արձանագրելով, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝ անդրադարձան տնտեսական փոխգործակցության առավել զարգացման և ընդլայնման հնարավորություններին։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանում արդեն գործում են ֆրանսիական կապիտալով շուրջ 160 ընկերություն և Հայաստանը ողջունում է ֆրանսիական ներդրումների աճն ու այդ ուղղությամբ նոր նախաձեռնությունները։

Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովում ընդունված Հայաստան – Եվրոպական Միություն հռչակագրի լույսի ներքո՝ անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին։

Բանակցությունների օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կառուցողական ներգարավվածությունը, կարևորեց նրանց միասնական ջանքերը՝ միտված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ աշխատանքը՝ ուղղված հիմնախնդրի հանգուցալուծմանը:

Զրուցակիցները քննարկեցին միջազգային և տարածաշրջանային արդիական խնդիրներ, մասնավորապես` ուկրաինական ճգնաժամը և դրա կարգավորման հնարավոր ուղիները, անդրադարձ կատարեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացին։

Տեսանյութեր

Լրահոս