Բաժիններ՝

Ղրիմի շուրջ Ռուսաստան-Արևմուտք դիմակայությունից կշահի անսպասելի կողմը՝ Չինաստանը. Foreign Policy

Ամերիկյան Foreign Policy պարբերականի փոխանցմամբ՝ Ղրիմի շուրջ իրադարձություններն աշխարհաքաղաքականության տեսանկյունից վաղուց դուրս են եկել ներուկրաինական ճգնաժամի շրջանակներից: Ներկա դրությամբ միջազգային արենայում դիմակայությունն ընթանում է Ռուսաստանի ու Արևմուտքի երկրների (ԱՄՆ ու ԵՄ) միջև:

Վերջիններս փորձում են զսպել Ռուսաստանի կայսերական հավակնությունները: Սակայն այդ իրավիճակից հաղթող կարող է հանդիսանալ անսպասելի կողմը՝ Չինաստանը: Գոյություն ունի հավանականություն, որ Ուկրաինայի իրադարձությունները ձեռնտու կլինեն Չինաստանին և կվնասեն ԱՄՆ-ի շահերը:

Նախևառաջ Ղրիմի թերակղզում իրավիճակի սրումը կարող է միմյանց մոտեցնել Ռուսաստանն ու Չինաստանը, ինչն ԱՄՆ-ի համար հանդիսանում է երկարաժամկետ գլխավոր ռիսկերից մեկը: Ռուսաստանի համար դա շահավետ է նրա համար, որ նրա «հարավ-արևելյան ճակատը» ներկայումս նույնքան խոցելի է, որքան որ «արևմտյան ճակատը»:

Եթե Ռուսաստանը բռնակցի Ղրիմը, և բոլորը տեսնեն, որ դա չի արժենում շատ թանկ, Չինաստանում որևէ մեկը կարող է դա ընկալել որպես «կանաչ լույս»՝ սեփական տարածքային հավակնություններն առավել համառությամբ առաջ տանելու համար:

Եվ վերջապես, Չինաստանի համար վերջին օգտակար փաստարկը կայանում է նրանում, որ Օբաման իր նախագահական ժամկետի զգալի մեծ մասը հատկացնելու է Եվրոպային, ինչը կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե Ուկրաինայում իրավիճակը կարգավորվի համեմատաբար արագ, իսկ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունները չխզվեն վերջնականապես, այլ միայն զգալի տուժեն:

Դա նշանակում է, որ ԱՄՆ-ը քիչ ուշադրություն կհատկացնի Ասիային, ինչի շնորհիվ էլ Չինաստանի մոտ ի հայտ կգա մանևրելու հավելյալ ազատություն: Սակայն այս կանխատեսումները կարող են նաև հեշտությամբ չկատարվել: Չինաստանը մի կողմից չի ողջունում այլ երկրների ներքին գործերին միջամտելու արտաքին քաղաքականությունը, մյուս կողմից էլ նա «ալերգիա ունի» անջատողական շարժումներից:

Եթե Ղրիմին թույլատրեն քվեարկել անկախության համար, ապա ինչո՞ւ նույնը չի կարելի անել Տիբեթում: Մյուս կողմից էլ Ուկրաինայի ճգնաժամի շարունակումը կարող է բացասաբար անդրադառնալ համաշխարհային տնտեսության վրա (ԱՄՆ-ն ու Ռուսաստանը փոխանակվում են պատժամիջոցներով ու հակաքայլերով): Դա կարող է անդրադառնալ նաև Չինաստանի տնտեսության վրա, որի աճի տեմպերը ներկայումս դանդաղել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս