Մենք ձեռք ենք մեկնում Ռուսաստանին և նրանից ստանում ենք մեր դեմ ուղղված զենքի փող. Յացենյուկ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը երեկ ելույթ է ունեցել ՄԱԿ ԱԽ-ի նիստում: Իր ելույթում Յացենյուկը հայտարարել է, որ իրենք պատրաստ են ընդլայնել Ղրիմի ինքնավար հանրապետության լիազորությունները:
Յացենյուկի խոսքերով՝ Ղրիմը եղել, մնում և մնալու է Ուկրաինայի կազմում՝ ընդգծելով, որ իրենք չեն ճանաչելու արհեստականորեն պլանավորած հանրաքվեն: Յացենյուկը հավելել է, որ իրենք պատրաստ են զիջումների գնալ ռուսերենի և ազգային ու մյուս փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերում:
Յացենյուկն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է ռուսների ու Ուկրաինայի ռուսալեզու բնակչության իրավունքների վերաբերյալ բոլոր հարցերը լուծել բանակցություննների ճանապարհով, սակայն Ռուսաստանը պատրաստ չէ դրան.
«Մենք ձեռք ենք մեկնում Ռուսաստանին և փոխարենը նրանից ստանում ենք զենքի փող: Ռուսաստանի ագրեսիան չունի որևէ պատճառ ու նախադրյալ: Չնայած դրան՝ պաշտոնական Կիևը ցայժմ պատրաստ է բանակցությունների ու փոխզիջման»: