Նեթանյահուն կողմ է արտահայտվել թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորմանը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն օտարազգի լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք ցանկանում ենք կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները:

Նեթանյահուն հույս է հայտնել, որ Իսրայելի ու Թուրքիայի փոխհարաբերությունները կվերադառնան 2010 թվականի սկզբի մակարդակի: Նեթանյահուն իր այդ ուղերձը հղել է նաև թուրք ժողովրդին:

Հիշեցնենք, որ չնայած 2013 թվականի մարտի 22-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն 2010 թվականի մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպի համար ներողություն խնդրեց Թուրքիային, այնուամենայնիվ կողմերի միջև հարաբերությունները վերջնականապես չեն կարգավորվել` կապված նրա հետ, որ Իսրայելը դրանով իսկ կատարել է թուրքական երեք նախապայմաններից միայն մեկը:

Կողմերը չեն կարողանում համաձայնության գալ միջադեպի հետևանքով զոհվածների ընտանիքներին ու տուժածներին փոխհատուցելու չափի շուրջ: Բացի այդ, Իսրայելը դեռ չի վերացրել Գազայի հատվածի ծովային շրջափակումը, որի մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հիշեցրեց մոտ մեկ ամիս առաջ:

Իսրայելն իր հերթին պահանջում է, որ Թուրքիան դադարեցնի «Մավի Մարմարայի» միջադեպի կապակցությամբ իսրայելցի զինվորականների նկատմամբ դատական գործընթացներն ու չխոչընդոտի Իսրայելի ու ՆԱՏՕ-ի համագործակցությանը:

Էրդողանն այդ միջադեպի համար Իսրայելին անվանել էր «ծովահեն»` գտնելով, որ նա Միջերկրական ծովում «զբաղվում է ծովահենությամբ», իսկ Ահմեթ Դավութօղուն այդ միջադեպը որակել էր որպես «թուրքական սեպտեմբերի 11»` ուշադրություն հրավիրելով նրա վրա, որ իր երկրի քաղաքացիները սպանվել են այլ երկրի կանոնավոր բանակի կողմից:

Տեսանյութեր

Լրահոս