Նիկոլ Փաշինյան. Ես ինչպես եղել, այնպես էլ մնում եմ ընդդիմադիր գործիչ և ոչ իշխանական դառնալու մտադրություն չունեմ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ մեկնարկած ոչ իշխանական ուժերի քննարկումները, նշեց. «Ինչպես գիտեք, այդ գործընթացները տեղի են ունենում ոչ իշխանական ուժերի ֆորմատով։ Ուզում եմ տեղեկացնել, որ ես ինչպես եղել, այնպես էլ մնում եմ ընդդիմադիր պատգամավոր և քաղաքական գործիչ և ոչ իշխանական դառնալու որևէ մտադրություն չունեմ»: Մեր ճշտող հարցին, թե ստացվում է, որ բոլոր այն ընդդիմադիր ուժերը, որոնք կմասնակցեն Գագիկ Ծառուկյանի կողմից կազմակերպված հանդիպումներին, կդադարե՞ն ընդդիմադիր լինելուց, ՀԱԿ խմբակցության պատգամավորը նախընտրեց չպատասխանեց՝ նշելով. «Ես զերծ կմնան որևէ որակումից»։

Հարցին՝ ոչ իշխանական ուժերի կողմից մեկնարկած հանդիպումների շարքը փոփոխոթյունների հույս կարո՞ղ է առաջացնել, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ինչպիսի՞ փոփոխություների են սպասում մարդիկ… Որ, ասենք, Սերժ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը գնան ու Աղվան Հովսեփյանն ու Գևորգ Կոստանյանը գան, հա՞։ Եթե այդ փոփոխություններին են սպասում մարդիկ… Ես չեմ կարծում, որ մարդիկ սպասում են այդպիսի փոփոխությունների։ Այսօր Հայաստանի քննչական կոմիտեի հիմնադրման մասին օրենքի նախագիծ են քննարկում ԱԺ-ում և ուզում են հավաստիացնել, թե դա փոփոխություն է, ես էլ ասում եմ՝ դա փոփոխություն չի, դուք լուծում եք կոնկրետ մարդկանց աշխատանքի տեղավորելու խնդիր, ձեր իշխանական ինտրիգներն եք լուծում և դա շղարշում եք բարեփոխումների նշույլի տակ»:

Նա նշեց, թե ցանկացած գործընթաց պետք է գնահատել՝ ըստ իր բովանդակության և բովանդակության հավաստիության։ «Ես ելույթումս էլ ասացի, որ հիմա եթե Աղվան Հովսեփյանն աշխատանք չունենա, ու սկսի մարդու իրավունքների, ազատ արդար ընտրությունների, արդար դատաքննության իրավունքի, ազատության, արդարության համար պայքարել, ի՞նչ պիտի անենք, պիտի վազեք՝ Աղվան Հովսեփյանին դնեք ձեր ուսերի՞ն։ Համենյանդեպս, ես չեմ շտապի…».- ասաց ՀԱԿ պատգամավորը:

Հարցին, թե Գագիկ Ծառուկյանը նմա՞ն է Բ. Իվանաշվիլիին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, ես անտրոպոլոգիայի մասնագետ չեմ, և դիմեք այդ հարցով մասնագետներին»։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կհեռանա՞ իշխանությունից, նա նշեց, որ եթե չհեռացնեն, նա չի հեռանա: Հարցին, թե ո՞վ պիտի հեռացնի, Փաշինյանը կարճ պատասխանեց՝ ընդդիմությունը։

Իսկ թե երբ հասարակությունը  ականատես կդառնա փոփոխություններին, Ն Փաշինյանը նշեց. «ՀՀ-ում մենք ուրիշ օրինաչափություն էլ ենք տեսել, եղել են դեպքեր, երբ մարդիկ նույնիսկ օր ու ժամ են նշանակել, ասենք՝ այսինչ օրը, ժամը 2:30։ Եթե որևէ մեկը նման բան ձեզ կասի, ուրեմն նա լուրջ չի վերաբերվուն քաղաքական գործընթացներին։ Կարևոր է , որ պրոցեսնները օժտենք քաղաքական բովանդակությամբ, ինչը որ մինչև հիմա միշտ չի, որ ստացվել է»։

Տեսանյութեր

Լրահոս