200 մլն դրամ՝ «ծխախոտի դեմ պայքարի, գյուղական համայնքների զարգացման, մերօրյա հերոսների ներկայացման համար»

2014 թվականին ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից 200 մլն դրամ կտրամադրվի հասարակական կազմակերպություններին. դրանից շուրջ 100 մլն-ը կտրամադրվի հակածխախոտային պայքարին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

Նրա խոսքով՝ 2014թ. առաջին կիսամյակում դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար դիմել է 86 հասարակական կազմակերպություն: Հակածխախոտային պայքարի համար ծրագիր է ներկայացրել 30, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված անվանակարգերի համար՝ 23, գյուղական համայնքների զարգացմանն ուղղված անվանակարգերի համար՝ 16, վերարտադրողական առողջության անվանակարգերում՝ 9,  մերօրյա հերոսների ներկայացմանն ուղղված անվանակարգերում՝ 8 հասարակական կազմակերպություն: Կ. Ավագյանն ասաց, որ 2013թ. համեմատ այս տարի մոտ 4.5 անգամ ավելացել է դիմող հասարակական կազմակերպությունների թիվը:

Ըստ նրա, հաղթող հասարակական կազմակերպությունների անուններն ու թիվը կորոշի հանձնաժողովը: Կ. Ավագյանի խոսքով՝ Հայաստանի Երիտասարդական հիմնադրամը մրցույթն ու մոնիթորինգն է իրականացնում, իսկ գումարի չափը՝ նախապես է որոշվում: Լրագրողները Կ. Ավագյանից հետաքրքրվեցին՝ արդյոք մոնիթորինգի արդյունքում պարզե՞լ է քանի մարդ է Հայաստանում թողել ծխելը: Ի պատասխան Կ. Ավագյանն ասաց, որ  դա իրենց «աշխատանքը չէ»:

«Մենք գործընկեր կազմակերպություն ենք, հայատարարում ենք մրցույթ և հետևում ենք, թե կոնկրետ ինչ ծրագիր է իրականացվում, այդ ծրագիրը համապատասխանո՞ւմ է այն բոլոր տվյալներին, որ ինքը ներկայացրել է, թե ոչ: Այսինքն՝ մենք ինքներս, բնականաբար չենք կարող ասել, թե քանի մարդ թողեց ծխելը»:

Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ է անհրաժեշտ այդքան գումար հատկացել, օրինակ, հակածխախոտային պայքարին, Կ. Ավագյանը պատասխանեց, որ Հայաստանի Երիտասարդական հիմնադրամը չի որոշում տրվելիք գումարների չափը. նրա խոսքով՝ հիմնադրամն  իրականացնում է միայն մրցույթը և մոնիթորինգը:  Լրագրողների դիտարկմանը, որ դրամաշնորհ ստանալու համար հայտ են ներկայացրել նաև այնպիսի հասարակական կազմակերպություններ, որոնց անունն առաջին անգամ են լսում, Կարեն Ավագյանն արձագանքեց.

«Դուք բոլոր հասարակական կազմակերպություններին ճանաչո՞ւմ եք»: 168.am-ի հարցին՝ արդյոք մոնիթորինգի ադյունքում հայտնաբերվել ե՞ն տրամադրված գումարի ոչ արդյունավետ օգտագործման դեպքեր, Կարեն Ավագյանը պատասխանեց, որ նախորդ տարի «Երիտասարդ Տավուշ» հասարակական կազմակերպությունից հատկացված գումարը ետ է գանձվել, «քանի որ նրանք չեն կարողացել իրականացնել իրենց ծրագիրը»:

Տեսանյութեր

Լրահոս