«Դռների մոտ եկավ գլուխը կախ ու ես արդեն իր դեմքի արտահայտությունից հասկացա, որ շատ սարսափելի բան է ասելու». պատմում է մահացած երեխայի մայրը

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2.5 տարեկան Լիա Միսակյանի գործով դատական երկրորդ նիստը: Այսօր դատարանում ցուցմունքներ տվեցին երեխայի ծնողները՝ Գեորգի Միսակյանն ու  Աշխեն Բաբայանը:

Լիա Միասկյանի մայրը՝ Աշխեն Բաբայանը պատմեց, որ 2012թ. դեկտեմբերի 30-ին երեխան մի փոքր ջերմություն է ունեցել, նրա մոտ գրիպոզ վիճակ է եղել, ինքն էլ ջերմիջեցնող է տվել և երեխայի վիճակը կարգավորվել է:

«Կրիտիկական ոչինիչ չկար»,- դատարանում ասաց Լիա Միսակյանի մայրը:

Հաջորդ օրը ևս երեխան ջերմություն է ունեցել, հանկարծ բիբերը բարձրացել են վերև, երեխայի մոտ դող է սկսվել, ինչից ինքը վախեցել է: Ա. Բաբայանն ասաց, որ ինքը լսել էր նման ցնցումների մասին, բայց իր մյուս երեխաների մոտ նման վիճակ չի եղել: Այնուհետև երեխան ուշագնաց է եղել:

Լիա Միսակյանի մոր խոսքով՝ իրենք զանգահարել են շտապօգնություն, և բժիշկներն ասել են, որ երեխային պետք է տեղափոխել հիվանդանոց: Ծնողների ցանկությամբ շտապօգնության մեքենայով երեխային տեղափոխել են «Արաբկիր» բժշկական կենտրոն: Նշենք, որ Լ. Միսակյանը մահացել է 2013թ. հունվարի 2-ին:

Աշխեն Բաբայանի պատմելով, հիվանդանոցի ընդունարանում իրենց ընդունել է հերթապահ բժշկուհի Լիլիթ Վարդանյանը (այժմ Լ. Վարդանյանը հարուցված քրեական գործով ամբաստանյալներից մեկն է,- Օ.Հ.), ով լսել է երեխայի թոքերը, նայել կոկորդը և  ասել, որ թոքերը մաքուր են, ռենտգեն հետազոտության կարիք չկա, իսկ կոկորդը թեթև կարմրած է: Աշխեն Բաբայանի խոսքով՝ իրենք երեխայի հետ տեղափոխվել են պալատ, բայց քանի որ ինքը փոքրիկ երեխա ուներ, գնացել է տուն, իսկ Լիա Միսակյանի մոտ մնացել է հայրը:

Ըստ նրա ցուցմունքի՝ հունվարի 1-ի առավոտյան ինքը կրկին եկել է հիվանդանոց: Այդ օրը հերթապահ բժշկուհին եղել է Զարինե Այվազյանը, ում ինքը նկարագրել է երեխայի վիճակը և ասել, որ երեխայի կոկորդը կարմրած է: Աշխեն Բաբայանի խոսքով՝  իրենց ասել են, որ երեխայի մոտ վիրուսային ֆոն է՝ կանցնի, երեխայի կոկորդին չի կարելի ձեռք տալ, բոլոր անհրաժեշտ միջոցները ներառված են սիստեմայի մեջ:

Աշխեն Բաբայանի խոսքով՝ հունվարի 3-ին հերթապահ բժիշկը Իրինա Մամյանն է եղել, ով հետաքրքրվել է երեխայի առողջական վիճակի մասին, լսել երեխայի թոքերը, կոկորդը, նրան ուղարկել ռենտգեն ստուգման: Որոշ ժամանակ անց երեխան իրեն թույլ է զգացել. ուժասպառ էր լինում. «Երեխան այնքան էր թուլացել, որ ինձ թվաց ահավոր ծանրացել է»:

Նրա խոսքով՝ որոշ ժամանակ անց իրենք փորձել են կերակրել երեխային, նա «մի երկու  գդալ կերել է», սակայն չի կարողացել հեղուկ խմել: Ժամը 10:30-ից հետո ինքը զգացել է, որ երեխան ավելի շատ է թուլացել, բիբերը լայնացել են, ինչից իրենք հանկարծակիի են եկել, խառնվել են, սկսել են գոռգոռալ: Աշխեն Բաբայանն ասաց, որ բժշկի զննելուց հետո երեխային անմիջապես վազելով բարձրացրել են վերակենդանացման բաժանմունք, իսկ ինքը իջել է պալատ:

«Պալատում բուժքույրն ինձ հանգստացնող դեղ տվեց, ու ասաց՝ ամեն ինչ նորմալ է, մի՛ անհանգստացեք: Ես էլ հիշում եմ՝ իրեն ասացի՝ իմ սիրտը հանգիստ է, բայց ես ինձ ընդամենը հույս էին տալիս երևի թե…»,- ասաց նա:

Նրա խոսքով,  որոշ ժամանակ անց վերակենդանացման բաժանմունքից մոտ գտնվող իրենց բարեկամներից մեկը գնացել է իր մոտ… «Լավ հիշում եմ՝ դռների մոտ եկավ գլուխը կախ ու ես արդեն իր դեմքի արտահայտությունից հասկացա, որ շատ սարսափելի բան է ասելու»,- պատմեց մահացած երեխայի մայրը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը հետարքրքվեց՝ արդյոք տոնական և հետտոնական օրերը ազդեցություն ունցե՞լ են նրա դստեր բժշկական սպասարկման վրա: Լիա Միսակյանի մայրը պատասխանեց՝ այո´:

Ի դեպ, դատավոր Լևոն Ավստիսյանը ընդմիջեց դատական նիստը, քանի որ Աշխեն Բաբայանը շատ հուզված էր: Հաջորդ դատական նիստում կհարցաննվեն մյուս վկաները, այն տեղի կունենա մարտի 24-ին:

Տեսանյութեր

Լրահոս