«Տղամարդ բժիշկ էր, հանգիստ քայելով եկավ, ասաց` կներեք չկարողացանք փրկել». մահացած երեխայի հայրը ցուցմունք տվեց (տեսանյութ)

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ցուցմունք տվեց «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2.6 տարեկան Լիա Միսակյանի հայրը:

Նա ասաց, որ 2012թ. դեկտեմբերի 31-ին իր դուստրը ջերմում էր, ցնցում է տարել, նաև ուշաթափվել: Իրենք երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում զանգահարել են շտապօգնություն, և բժիշկներին պատմել են՝ ինչ վիճակում է երեխան, իրենք ինչ դեղամիջոցներ են տվել երեխային, ապա շտապօգնության բժիշկներն ասել են, որ երեխային պետք է հիվանդանոց տեղափոխել, քանի որ ցնցում տարած երեխան չի կարող տանը մնալ: Գեորգի Միսակյանը պատմեց, որ շտապօգնության բժիշկները մի քանի հիվանդանոցներ են առաջարկել իրենց՝ երեխային տեղափոխելու համար, և ինքն էլ ընտրել է «Արաբկիր» բժշկական կենտրոնը, քանի որ այնտեղ ապահովագրություն է ունեցել:

«Ինձ թվաց, թե ավելի լավ կլինի, որ տանենք «Արաբկիր»»,- դատարանում ասաց Գերոգի Միսակյանը:

Նա պատմեց, որ իր կնոջ խոսքերով՝ մինչև իր հիվանդանոց հասնելը երեխային ընդունել է այս գործով ամբաստանյալ, բժշկուհի Լիլիթ Վարդանյանը, ով հարցեր է տվել երեխայի մասին, զննել է նրան ու ասել, որ երեխայի մոտ թեթև վիրուս է, կոկորդը մի թեթև կարմրած է, «ոչ մի բան չեմ տեսնում, չեմ լսում, թոքերի հետ խնդիրներ չկան»:

Կարդացեք նաև

Եվ երբ ինքն իր ավտոմեքենայով հասել է «Արաբկիր» բժշկական կենտրոն, երեխային սիստեմա են միացրել: Գեորգի Միսակյանի խոսքով՝ քանի որ իրենք ավելի փոքր երեխա ունեին, ինքն է մնացել երեխայի մոտ մինչև հաջորդ օրը առավոտյան ժամը 5-ը, ողջ ընթացքում Լիա Միսակյանը անհանգիստ է եղել, չի կարողացել քնել: «Իր տեղը չէր գտնում, ինքը շատ աշխույժ երեխա էր, չէր քնում, ոչ մի կերպ չէի կարողանում հանգստացնել»,- դատարանում պատմեց Գեորգի Միսակյանը: Նրա խոսքով՝ երեխային մի քանի անգամ ջերմիջեցնող դեղամիջոցներ են տվել, որոշ ժամանակով ջերմությունն իջել է, ապա կրկին բարձրացել:

Լիա Միսակյանի հոր խոսքով՝ հունվարի 1-ի առավոտյան իր կինը եկել է հիվանդանոց, ինքն էլ գնացել է տուն հանգստանալու:

Գ. Միսակյանը ցուցմունք տվեց, որ հունվարի 1-ին ավելի ուշ գնացել է հիվանդանոց, որտեղ հերթապահ բժշկուհին Զարինե Այվազյանն է եղել, ով նույնպես հարուցված քրեական գործով ամբաստանյալ է: Երբ երեխայի ջերմությունը բարձրացել է, նրան դեղամիջոցներ են տվել, ինչպես նաև սիստեմա միացրել:

Ըստ Գ. Միսակյանի՝ հիվանդանոցի բաժանմունքում հանդիպել է Զարինե Այվազյանին և ասել է, որ երեխան շավ չի շնչում, հաց չի ուտում և հարցրել է՝ արդյոք որևէ բան արե՞լ են կոկորդը մաքրելու համար: Բժշկուհին էլ, ըստ նրա, ասել է՝ անհոգ եղեք, ամեն ինչ նորմալ է, սիստեմայի մեջ ամեն ինչ կա «որ այդ վիրուսը հանի»: Գեորգի Միսակյանի խոսքով՝ հունվարի 1-ին ինքը գրեթ ողջ օրը հիվանդանոցում է գտնվել և չի տեսել, որ բժիշկները որևէ բան անեն:

Հունվարի 1-ից արդեն, Գեորգի Միսակյանի խոսքով, իր երեխայի վիճակը վատ է եղել, քանի որ նա խռխռոցով է շնչել: Նրա խոսքով՝ հենց դեկտեմբերի 31-ից իր երեխայի բերանից վատ հոտ է եկել:

Նրա փոխանցմամբ՝ հունվարի 2-ին հերթապահ բժիշկը Իրինա Մամյանն է եղել, ում ինքը պատմել է, որ երեխան շնչում է խռխռոցով, ապա Ի. Մամյանը ստուգել է իր դստերը, նրան ուղարկել ռենտգեն հետազոտության: Որոշ ժամանակ անց իրենց տեղեկացրել են, որ Լ. Միսակյանի աջ կողմի թոքը բորբոքված է, ապա բժիշկներ եկել, որոշակի միջոցառումներ արել:

Ավելի ուշ իրենք փորձել են երեխային կերակրել, սակայն նա հաց չի կերել, ապա նրա շրթունքները կապտել են, ինքը գոռացել է, բժշկուհի Իրինա Մամյանը եկել է, լսել երեխայի սիրտը, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Գ. Միսակյանի խոսքով՝ մոտ երկու ժամ անց իրենց ասել են, որ երեխան մահացել է: «Տղամարդ բժիշկ էր, հանգիստ քայելով եկավ, ասաց՝ կներեք չկարողացանք փրկել»:

Գեորգի Միսակյանի խոսքով, իրեն ահանգստացրել է այն հանգամանքը, որ երեխան հաց չէր ուտում, «ոչ մի տեսակի բուժում» չէր արվում: Նա նշեց նաև, որ հունվարի 1-ին իրեն ասել են, որ երեխայի արյան մեջ լեյկոցիտների քանակը պակաս է, հետագայում է հասկացել, որ դա կարևոր հանգամանք է եղել:

Ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց հրապարակել Գեորգի Միսակյանի նախաքննական ցուցմունքները՝ նշելով, որ նախաքննական և դատաքննական ցուցմունքներում կան հակասություններ:

Մասնավորապես, պաշտպանի խոսքով, նախաքննության ընթացքում Գեորգի Միսակյանը հստակ նշել է՝ քանի ներարկիչ կար սեղանին դրված, իսկ այժմ հայտնում է, որ չի հիշում՝ քանի ներարկիչ կար: Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը, Ե. Սարգսյանը հրապարակեց նախաքննական ցուցմուքները, ինչից հետո Գեորգի Միսակյանը հայտարարեց, որ իր նախաքննական ցուցմունքները ճիշտ են:

Լուսանկարը՝ 168.am-ի

Տեսանյութեր

Լրահոս