Բաժիններ՝

Ձախողվել են թուրքական Altay տանկի վերաբերյալ թուրք-ճապոնական բանակցությունները

Defense News-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՊՆ-ը կասեցրել է ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերության հետ բանակցությունները, որոնք առնչվում են հեռանկարային Altay տանկի համար շարժիչների համատեղ մշակմանը: Որպես բանակցությունների դադարեցման պատճառ է նշվում Ճապոնիայում ռազմական արտահանման վրա դրված արգելքը:

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության (SSM) ղեկավար Մուրադ Բայարի խոսքերով՝ գործարքը հանվել է օրակարգից, սակայն կողմերը պայմանավորվել են այլ ուղղություններով ռազմատեխնիկական համագործակցության մասին:

Բայարն ընդգծել է նաև, որ ճապոնական կողմին դուր չի եկել Altay նոր տանկը երրորդ երկրներ արտահանելու Թուրքիայի մտադրությունը: Այժմ թուրքական ռազմական գերատեսչությունը մտադիր է գտնել մեկ այլ օտար գործընկեր, որը կհամաձայնվի մասնակցել տանկային շարժիչի մշակման ծրագրին:

Թուրքիայի ՊՆ-ը մտադիր է առաջին փուլում գնել 250 հատ Altay տանկ, որոնք կհատկացվեն երկրի ցամաքային զորքերին: Հետագայում պատվերը կընդլայնվի: Դեռ հայտնի չէ, թե որքան տանկ և որ երկրներ են պլանավորված տանկերի արտահանումը:

Թուրքիան ու Ճապոնիան տանկային շարժիչի համատեղ մշակման մասին բանակցությունները մեկնարկել են 2013 թվականի վերջին: Ակնկալվում էր, որ նախագծին մասնակցելու էին թուրքական TUSAS Engine Industries և ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերությունները:

Պլանավորված էր, համատեղ նախագիծը հավանության արժանացնել այս տարվա կեսին: 2013 թվականի նոյեմբերի կեսին թուրքական Tumosan ընկերությունը SSM-ին առաջարկել էր Altay տանկի համար մշակել նոր շարժիչ: Altay տանկի մշակմամբ զբաղվում է թուրքական Otokar ընկերությունը:

Տանկն իր անվանումը ստացել է բանակի գեներալ Ֆահրեթթին Ալթայի պատվին, որ 1919-1923 թվականներին քեմալական շարժման ժամանակ գլխավորել է 5-րդ հեծյալ կորպուսը: Տանկի քաշը կազմում է 60 տոննա:

Պլանավորված է, որ տանկի շարժիչն ունենալու է 1500 ձիաուժ հզորություն, իսկ տանկի հրանոթի տրամաչափը կազմելու է 120 միլիմետր: Ներկայումս տանկի նախատիպերը փորձարկումներ են անցնում: Տանկի զանգվածային արտադրությունը պլանավորված է սկսել 2015 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս