Բաժիններ՝

«Ինձ «կոշիկ նորոգող» են ասում, բայց ինձ բոլորը հարգում են»

Ինչպե՞ս են ապրում մեր քաղաքում կոշկակարները, ինչպիսի՞ն է նրանց առօրյան: Զրուցակիցս վարպետ Գուրգենն է, ով ապրում է Էրեբունի համայնքի Մուրացան փողոցում և օրվա մեծ մասն անցկացնում է իր փոքրիկ կրպակում: Փոքր-ինչ կռանալով` մտա իր կրպակն ու ողջունեցի զրուցասեր վարպետին:

Հարցին, թե վարպետ Գուրգենը սիրո՞վ է աշխատում, սիրո՞ւմ է իր արհեստը, թե՞այն պարզապես ապրուստի միջոց է, նա պատասխանեց. «Գիտես, երբ մարդը սոված է լինում, պատրաստ է ցանկացած աշխատանքի: Ամեն կոշիկը նորոգելով` մտածում եմ` այ սրանով հաց կառնեմ, մյուսով` սուրճ, սա էլ նորոգեմ` ծխախոտ, և արդեն աշխատելը հաճելի է դառնում… Կարևորը` ես չեմ մուրում, ինքս եմ արժանապատվորեն վաստակում օրվա հացը: Ես ոչ մեկից կախում չունեմ, իսկ անկախության զգացումն ամենաթանկն է: Շորերս հաճախ կեղտոտ են, ինձ «կոշիկ նորոգող» են ասում, բայց ինձ բոլորը հարգում են, որովհետև արդար քրտինքով եմ գումար աշխատում: Ես սիրում եմ իմ արհեստանոցը, այստեղի ամեն մի գործիքն իմ ընկերն է դարձել: Երբեմն ասում եմ. «Վայ ես քո ցավը տանեմ, շարժիչ, ես քո ցավը տանեմ, կարի մեքենա…: (Ծիծաղում է.- Մ.Ա.): Այ, տես, այս աղջիկը 2500 դրամ տվեց իր կոշիկը նորոգելու համար: Հիմա ես կգնեմ այս գումարով 5 հաց, մի քանի ձու և էլի ուտելիքներ, կտանեմ տուն և ինձ օգտակար, գոհ ու երջանիկ կզգամ»,- ասում է նա:

Վարպետ Գուրգենի ուսերին է ընտանիքի ողջ հոգսը: Դժվար է կյանքը` խոստովանում է, բայց այլ տարբերակ չկա: Աշխատում է առավոտից երեկո, որպեսզի կարողանա վճարել կոմունալ վարձերն ու սոված չթողնել կնոջն ու երկու աղջիկներին: Ժամանակին կոշիկներ է կարել կոշիկի գործարանում, իսկ նորոգելու արհեստին տիրապետում է դեռ պատանի հասակից: «Գիտես, մեկ-մեկ ջիպերով գալիս են ինձ մոտ, քթները ցցած, մտածում եմ` ինչի՞ վրա են այդպես ինքնագոհ: Որքան էլ հարուստ լինեն` ինձ հավասար են, ինձանից լավ մարդ չեն: Իրենք էլ են ինձ պես հեռուստացույց նայում, գիշերը մահճակալում քնում, ուտում գրեթե նույն ուտելիքները: Չեղա՞վ, որ նրանք էլ ինձ նման մարդիկ են»,- ասում է վարպետը:

koshkakar1 (1)

Կարդացեք նաև

Հետո վարպետը ձեռքն է առնում փոքրիկ աղջկա կոշիկները և սկսում նորոգել: Գումար վաստակելուց բացի, հաճելի չէ՞ արդյոք այն միտքը, որ իր օգնությամբ շուտով այդ փոքրիկ աղջիկը կկրի նորոգված կոշիկներն ու իրեն լավ կզգա: Չէ՞ որ մարդկանց պիտանի լինելու զգացումն է նաև իմաստավորում ցանկացած մասնագիտություն: Վարպետը գլխով համաձայնության նշան արեց և ժպտաց…

Չնայած դժվար և հոգնեցուցիչ աշխատանքին` վարպետ Գուրգենը չի բողոքում, գոհ է իր կյանքից, առօրյայից, երկրից: Ասում է, որ կարող էր այդ փոքրիկ կրպակն էլ չունենալ, կարող էր նաև ավելին ունենալ, բայց ամեն ինչ բախտի բան է, պետք է գոհ լինել և պահպանել ունեցածը:

koshkakar1 (3)

Մեր զրույցն անընդհատ ընդհատվում էր մարդկանց այցով: Թաղամասի բնակիչները բերում էին իրենց մաշված, քրքրված կոշիկները, և վարպետ Գուրգենն իսկույն հնար էր գտնում նորոգելու համար:

Վարպետը հետաքրքրված է նաև պատմությամբ, սիրում է կարդալ պատմական գրքեր: Ամենասիրելի գիրքը Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզոն» է, իսկ հերոսները` Արամ թագավորն ու Անդրանիկ Զորավարը:

Վերջում վարպետ Գուրգենը բոլոր կոշկակարներին մաղթեց զինվել անսահման համբերությամբ, քանի որ իրենց գործն ամուր նյարդեր է պահանջում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս