Բաժիններ՝

Պոլիտեխնիկի ուսանողները մրցանակներ են ստացել

Հերթական անգամ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ուսանողները մրցանակային տեղեր են զբաղեցրել համաշխարհային համբավ ունեցող «KASPERSKY LABORATORY» ընկերության ամենամյա «IT Security for the next Generation» խորագրով ուսանողական միջազգային կոնֆերանսի «Ռուսաստան և ԱՊՀ երկրներ» փուլի ժամանակ, որն այս տարի տեղի է ունեցել Մոսկվայում:

Կոնֆերանսին մասնակցության հայտ էր ներկայացրել 76 ուսանող և ասպիրանտ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի բուհերից: Նրանցից 15-ը, հաղթահարելով նախընտրական փուլը, մասնակցել են մրցույթին։ Հատկանշական է այն հանգամանքը, որ 15 մասնակիցներից 4-ը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից էին:

Համաձայն միջազգային ժյուրիի կայացրած որոշման` չորրորդ տեղը գրավել է ՀՊՃՀ Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Արշակյանը, երրորդ մրցանակային տեղը գրավել է Սերգեյ Շպակը` Մոսկվայի ազգային հետազոտական միջուկային համալսարանից (Մոսկվայի ճարտարագիտության և ֆիզիկայի ինստիտուտ – Национальный исследовательский ядерный университет «МИФИ»), երկրորդ մրցանակային տեղը գրավել է ՀՊՃՀ  վերոնշյալ ամբիոնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Սևակ Հարությունյանը, իսկ առաջին մրցանակային տեղը` Արտյոմ Շումիլովը՝ Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանից։ Ուսանողական կոնֆերանսի 15 մասնակիցները ստացել են մասնակցության հավաստագրեր և հուշանվերներ:

Հաղթողները 2014թ. հունիսին կմեկնեն Ստոկհոլմ՝ մասնակցելու կոնֆերանսի միջազգային եզրափակիչ փուլին: Այստեղ նրանք կմրցեն Հարավային Ամերիկայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ասիայում ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մինչ այդ կայացած ընտրական մյուս փուլերի հաղթողների հետ։

Կարդացեք նաև

Նշենք, որ անցյալ տարի այս հեղինակավոր ուսանողական կոնֆերանսն առաջին անգամ անց է կացվել Հայաստանում` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ), և մրցանակային առաջին տեղը զբաղեցրել է ՀՊՃՀ Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի ասպիրանտ Վահրամ Դարբինյանը` DDoS հարձակումների մասին աշխատանքով:

Հարկ է նշել նաև, որ Պոլիտեխնիկի համագործակցությունը «KASPERSKY LABORATORY» ընկերության հետ ունի 8 տարվա պատմություն: Համալսարանն անդամակցում է նաև Կասպերսկու ակադեմիային, ինչը հնարավորություն է տալիս արտոնյալ պայմաններով օգտվել ընկերության ծրագրերից և գործիքներից, ինչպես նաև ժամանակակից ուսումնական պաշարներից:

ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ), Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս