Բաժիններ՝

Ղրիմի հանգույցը հայկական գործոնի հարաբերակցությամբ

Ռուս-ուկրաինական հարաբերությունների խորապատկերի վրա լուսարձակները տեղաշարժեր են արձանագրում եւ կենտրոնացման արագ փոփոխություններ են կատարում, իրադարձությունների միջավայրային տեղափոխումների անմիջական զուգահեռականությամբ։ Մայդանը համեմատաբար ստվերում է մնացել այս օրերին Ղրիմի վրա աշխարհաքաղաքական ուշադրության շատ արագ սեւեռման պատճառով։

Փորձենք հեռու մնալ աշխարհաքաղական մեծ օրակարգերի հետ կապված հայտարարողական թե գետնի վրա երեւացող ոլորապտույտներից, ամփոփվելու համար հայկական գործոնի հարաբերակցությամբ իրադրային նշանակություն ունեցող գործընթացները։

Ղրիմում տեսանելի դարձող քաղաքական շարժերը հայկական գործոնի հարաբերակցությամբ երկու ուղղությամբ մեկնաբանությունների դուռ են բացում։ Եթե մի պահ շատ արագ մտաբերենք Ղրիմի հայ համայնքի պաշտոնական մարմինների հրապարակումները, որ հայությունը այնտեղ ներքաշված չէ լարված իրավիճակի մեջ, անմիջապես իբրեւ թեժ առաջնային կետ տեսանելի է դառնում արցախյան հիմնահարցը, դիպաշարի զարգացման առընթեր անպայման նկատի ունենալով Ղրիմի նկատմամբ Մոսկվայի որդեգրելիք զինվորաքաղաքական քայլերը, Արեւմուտքի պատժամիջոցային ճնշման հակազդեցությունը, ՀԱՊԿ-ի (չ)աշխատելը եւ Հայաստանի Հանրապետության, այս առումով դեպքերից զերծ մնալու փաստը կամ ՎՈՒԱՄ-ի վերաշխուժացման հավանականության (ան)իրատեսությունը։

Ղրիմը Ռուսաստանին վերադարձնելու պահանջների կողքին իբրեւ հնարավորություն կքննարկվի նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակի շնորհման հարցը։ Այս ենթադրյալ տեսությունն է, որը առաջնորդում է նույն կարգավիճակի մասին մտածելու նաև Արցախի դեպքում։

Արցախը կարող է դուրս մնալ քաղաքական այս առեւտրից, նկատի ունենալով արդեն իսկ ռուս-վրացական և ռուս-ուկրաինական ոչ բնականոն հարաբերությունների վրա նաեւ չաւելացնելու ռուս-ադրբեջանականը։ Որոշակի ուղղվածություն կա սակայն, որ իրեն զգալի է դարձնում։ Այն էլ ռուս և տվյալ կողմի հետ պատերազմների իբրեւ անմիջական հետևանք տարածքային ամբողջականությունների վերաքարտեզագծումն է, որ եթե ոչ այս հանգրվանին, գուցե այլ հանգամանքներում վերաբերի նաև Արցախին։ Իրողական անկախութիւնների ռուսական միակողմանի ճանաչման մասին է խոսքը առավելաբար։

Հայաստանի Հանրապետության հետ կապված, փորձ պետք է կատարել դիտարկելու համար կազմավորման ընթացքում եղող Մաքսային միության ճակատագիրը, տրված լինելով, որ մեծ հանգույցը այս գործընթացում Կիեւն էր. իշխանափոխված Կիևը արդեն իսկ խանդավառ պատրաստակամություն է հայտնում դեպի Եվրամիություն սուրալու։

Ուղղակի անուղղակի յուրաքանչուր աղերս իր հերթին քաղաքական վերլուծումների կարիքն ունի, միշտ նկատի ունենալով աշխարհաքաղաքական գերտերությունների շահագրգռվածության չափն ու կշիռը այս բոլորում։

Վերջապես, թուրքական գործոնի աշխուժացումը Ղրիմի աշխարհաքաղաքական օրակարգ հայտնվելու առիթով։ Ղրիմում ստեղծված անկայունության առաջին օրերից իսկ Անկարան սկսել էր ներգրավվել այս հարցում, իր աշխույժ հետաքրքրությունը պայմանաւորելով այն բնորոշումով, որ Ղրիմի թաթարները իրենց հայրենակիցներն ու ցեղակիցներն են։ Անկախ այն իրողությունից, որ Անկարան Ղրիմի նկատմամբ լուրջ հաւակնություններ մատնող քայլեր է կատարում, աւելորդ չի լինի ենթադրել, որ ներքին բարդ մարտահրաւերներ եւ ճգնաժամներ ունեցող Թուրքիան այսպիսով իր տագնապը արտահանում է դեպի արտաքին օրակարգ համաթուրքական առաջադրանքներ ձևակերպելով` ցեղակիցներին, հայրենակիցներին տիրություն անելու կարգախոսներով։ Հետաքրքրական է մեջբերել նաեւ Դավութօղլուի հայտարարության այս բաժինը.

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, դիմելով Ղրիմի բնակիչներին, ասել է. «Թող ձեզ մոտ անգամ հարց չառաջանա այն մասին, որ մենք իրադարձություններից դուրս կմնանք։ Մենք առաջինը կշտապենք մեր եղբայրներին օգնության, որոնք դժվարության մեջ են հայտնվել»,- «Մենք առաջինը կշտապենք Ղրիմին օգնության. մասունքներ, որոնք թողել են մեր նախնիները»:

Դավութօղլուի պաշտոնավարած երկրում այլ մասունքներ թողած այլ ժողովրդներ էլ կան, որոնք երբ պահը գա դեպի այնտեղ շտապելու պատճառներ ունեն։ Այս մասին էլ Դավութօղլուի ներկայացրած պետության համար «անգամ հարց չպետք է առաջանա»։

Հայկական ոսպնյակը բազմաթիւ ուղղություններով իր կենտրոնացումը Ղրիմի վրայից չհեռացնելու պատճառներ ունի։

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս