Բաժիններ՝

«Բացակա փորձագետները կեղծ փաստաթղթեր են ստորագրել»

Ասում է Դատաբժշկական փորձաքննության եզրակացություն ստացած քաղաքացին

Մեր թերթի նախորդ համարներում ներկայացրել ենք Արարատի մարզի Ուրծաձոր գյուղի բնակիչ Ավետիք Շաղոյանի բողոքն` ընդդեմ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի օրթոպեդիկ և վնասվածքաբանության կլինիկայի ղեկավար, բժիշկ Արսեն Ազիզբեկյանի և նրա օգնական Ջանիբեկ Ատեսյանի, որոնց կատարած վիրահատության արդյունքում, ըստ Ա. Շաղոյանի՝ վերջինս ձեռք է բերել հաշմանդամություն: Հիշեցնենք նաև, որ 2013թ. դեկտեմբերի 3-ին Ա. Շաղոյանը Ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն թվականի մայիսի 23-ին Ա. Ազիզբեկյանը և Ջ. Ատեսյանը կատարել են ձախ ոտնաթաթի մատների վիրահատություն, որի ժամանակ բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով վնաս է պատճառվել իր առողջությանը:

Այսպիսով, հարուցված քրեական գործի շրջանակներում ամիսներ անց նշանակվել է Դատաբժշկական փորձաքննություն, որն, ըստ էության, պետք է լույս սփռեր այս պատմության վրա՝ բացահայտելով, թե արդյո՞ք կատարվածը բժշկական սխալի արդյունք է, թե՞, այնուամենայնիվ, Ա. Շաղոյանի անշարժացած, սուր ցավերով ոտնաթաթի ներկայիս վիճակը կանխատեսելի էր և որպես վիրահատության արդյունք՝ նորմալ: Մենք նաև ներկայացրել էինք, որ ՀՀ առողջապահության նախարարության Հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի նշանակած փորձաքննությունը կատարվել է, մեղմ ասած, ծիծաղելի ձևով: Այսպիսով, փետրվարի 20-ին Ա. Շաղոյանը ստացել է Դատական բժշկության գիտագործնական կենտրոնի հանձնաժողովային փորձագետի թիվ 220/հձ եզրակացությունը:

Հետաքրքիրն այն է, որ եզրակացության տակ ստորագրել են թվով չորս մասնագետներ՝ Գ. Հարությունյան, Վ. Այվազյան, Գ. Հովհաննիսյան, Շ. Գաֆարյան, որոնք իբրև թե մասնակցել են փորձաքննությանը, սական ինքը՝ Ա. Շաղոյանը, հավաստիացնում է, որ իրեն «հետազոտել» են (այն էլ՝ հեռվից ու բանավոր) ընդամենը երկու մասնագետ՝ ՀՀ ԱՆ գլխավոր վնասվածքաբան, «Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքաբանության և ճառագայթաբանության կենտրոնի» տնօրեն Վ. Այվազյանը և ՀՀ ԱՆ գլխավոր նյարդաբան, պրոֆեսոր Գ. Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

«Ուշադիր ուսումնասիրելիս կհամոզվեք, որ զավեշտի հասնող բաներ կան, որոնք կարդալիս իրենց մտքերն անգամ համադրել չես կարողանում, որպեսզի հաստատուն մի միտք գտնես: Փաստաթղթում մատնանշված են ինձ փորձաքննության ենթարկած չորս մասնագետներ, որոնցից միայն երկուսի մոտ եմ եղել: Գրված է, իբր չորս հոգուց կազմված հանձնաժողովն ինձ զննել ու եկել է միանշանակ մի կարծիքի, որ ոչ մի բացասական բան չկա, ամեն ինչ շատ նորմալ է: Ովքե՞ր են հանձնաժողովի կազմում ընդգրկված այն երկու անձինք, որոնք, թեև ինձ չեն զննել, բայց կնքել, ստորագրել են մի փաստաթուղթ, ըստ որի՝ զննել են»,- մեկնաբանում է Ա. Շաղոյանը՝ կրկնելով, որ իրեն ուղեկցել են ընդամենը երկու մասնագետի մոտ, իսկ մյուս երկուսն անհայտ անձինք են:

Ա. Շաղոյանն ուշադրություն է հրավիրում ԱՆ Դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագիտական եզրակացության մեջ նշված քր. դատ. օր. 85-րդ հոդվածի վրա, ըստ որի՝ Փորձագետի իրավունքները և պարտականությունները, որոնք նախատեսված են վերոնշյալ հոդվածով, սահմանում է՝ «Ակնհայտ կեղծ եզրակացություն տալու պատասխանատվության մասին», որը նախատեսված է քր. օր. 338-րդ հոդվածով:

«Տվյալ դեպքում՝ փաստաթուղթը ստորագրած չորս բժիշկները՝ գիտության դոկտոր, պրոֆեսորները, ստորագրել են մի փաստաթուղթ, համաձայն որի՝ իրենք գոյություն են ունեցել` որպես հանձնաժողովի անդամներ: Այսինքն՝ մի դեպքում ստում են, ստորագրում են կեղծ փաստաթուղթ, մյուս դեպքում՝ մատնանշել են քրեական այն հոդվածը, որով կեղծ փաստաթուղթ ստորագրելու համար պատիժ է սահմանվում»,- նկատում է՝ Ա. Շաղոյանը՝ հավելելով նաև փաստաթղթում առկա «Օբյեկտիվ քննության տվյալներ» տողի տակ նշված նկարագրությունը, որտեղ մասնագետները ներկայացնում են զննության արդյունքները:

Մինչդեռ, ըստ նրա, նախ` Վ. Այվազյանը և Գ. Հովհաննիսյանն անգամ իրեն չեն էլ մոտեցել, չեն հետազոտել, իսկ մյուս երկու բացակա փորձագետները, առանց Ա. Շաղոյանին տեսնելու, փաստաթղթում նկարագրել են նրան զննության ենթարկելու մանրամասները: Ինչևէ, եզրակացության արդյունքներն ամբողջովին չհրապարակելու նպատակով ընդամենը նշենք, որ թվով չորս մասնագետներն, ինչպես ենթադրվում էր, արձանագրել են հետևյալը՝ «Ա. Շաղոյանի վիրահատությունը կատարվել է ճիշտ, բուժման, հետազոտման, ախտորոշման և վիրահատության ընթացքում բժիշկների կողմից սխալներ-բացթողումներ թույլ չեն տրվել»:

Ա. Շաղոյանը ստացված եզրակացությունը որակելով զավեշտ` դրա տակ ստորագրած երկու պրոֆեսորներին հիշեցնում է, որ նրանք «օբյեկտիվ զննությունը» կատարել են հիվանդի հետ 5 մետր հեռավորությունից շփվելիս, անգամ նպատակահարմար չգտնելով նոր հետազոտության՝ ռենտգեն ժապավեններն ուսումնասիրելու, փոխարենը` նայել են 9 ամիս առաջ, հետվիրահատական շրջանում կատարած ռենտգեն ժապավեններն ու ասել են՝ ամեն ինչ նորմալ է: «Հասկանո՞ւմ եք, խայտառակություն է, խաբելու ձևեր կան, բայց էսպե՞սգ Ի դեպ, իմ այս ամբողջ անցած դժվարին ճանապարհից միայն մեկ արդյունք կա. մարդիկ կարդում են ու ինձ հետ պատահածից զգուշանում են:

Անգամ նույն հիվանդանոցում առաջիկայում վիրահատվող մեկն էր զանգահարել հարցեր տալիս: Գոնե մարդիկ իմանան` ինչեր կարող են լինել: Իսկ ինչ վերաբերում է օրինական, իրավական ճանապարհով բժշկական սխալն ապացուցելուն, ապա փորձագիտական եզրակացությունն էլ իր հերթին` ապացուցեց, որ փակ շղթա է, որտեղ բժիշկները պաշտպանում են բժիշկներին, իսկ տուժած քաղաքացին անգամ օբյեկտիվ փաստաթուղթ չունի` իր իրավունքների համար պայքարելու»,- վրդովված ասում է Ա. Շաղոյանն, ով այսօր կրկին հրավիրվել է Ոստիկանություն՝ բժիշկների հետ առերեսման: Նա, այնուամենայնիվ, բողոքարկել է՝ պահանջելով նշանակել կրկնակի փորձաքննություն: «Իրավունքի համար պայքարելու խոչընդոտները բավականին շատ են, քանի դեռ չկան ՀՀ նախագահի Աշխատակազմի ղեկավարի, Գլխավոր դատախազի ցուցումները՝ գործն առավել օբյեկտիվ ընթանալու համար:

Քանի դեռ նրանք լինելով գործից տեղյակ` չեն միջամտում՝ այս կարգի թղթեր արձանագրվելու են, այս կարգի եզրակացություններ շատերին են տրվելու: Բժիշկները պաշտպանված են, և մասնագետները չեն ցանկանում գործընկերոջ սխալն ընդունել»,- ասում է նա:

Այնուամենայնիվ, Ա. Շաղոյանը հիշեցնում է, որ ՀՀ քաղաքացու իրավունքը պաշտպանվում է 1948թ. ընդունված ՄԱԿ-ի կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և վերջապես՝ ՀՀ նախագահի երդմնակալության ժամանակ հնչեցրած խոստումով, երբ վերջինը ձեռքը դնում է Սուրբ գրքին և սրբորեն երդվում է երաշխավորել, հարգել, պաշտպանել սեփական երկրի քաղաքացու իրավունքները: Սակայն այս ամենը` փաստաթղթերով, իսկ գործնականումգ ինչպես որ կա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս