ԱԺ-ն հաստատեց իշխող մեծամասնության՝ գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը
Այսօր առավոտյան Ազգային ժողովում քվեարկության դրվեց իշխող մեծամասնության կողմից գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ չնայած իրենք վերապահում ունեն հանձնաժողովի նկատմամբ, որովհետև այն հրապարակային չէ, այնուամենայնիվ կողմ կքվեարկեն, կմասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, թե ԲՀԿ-ում հարցի լուրջ քննարկումներ են անցկացվել: «Մենք չենք թաքցնում՝ ունենք զգուշավորություն, մտավախություն, հանձնաժողովի իրականա նպատակի վերաբերյալ, բայց ԲՀԿ-ն բավական ակտիվորեն կմասնակցի հանձաժողովի աշխատանքներին»,- նշեց նա, ապա ավելացրեց, որ ԲՀԿ-ն կքվեարկի ձեռնպահ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ տեղից արձագանքեց. «Ես զարմանում եմ ձեր վրա: Ձեր առաջարկները բոլորը ընդունվում են, դուք գալիս եք, ձեռնպահ եք քվեարկում»: ԱԺ-ն 75 կողմ, 3 դեմ, 30 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց գազի հանձնաժողով ստեղծելու մասին ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի նախագիծը: Դեմ քվեարկեցին Ժառանգություն խմբակցության պատգամավորները: Նաիրտի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծման նախագծի քվեարկությունը տեղի կունենա քիչ անց. ՀՅԴ խմբակցության պատգամավորը քվեարկությունից առաջ քսան րոպե ընդմիջում խնդրեց: