Սերժ Սարգսյանի ելույթը «բարկացած» էր. Արմեն Ռուստամյան

«Ժողովուրդը չպետք է միայն իշխանությունների տեսակետը լսի, որը ամեն առիթով իրեն գովերգում է, այլև՝ ընդդիմության կարծիքը, և հասկանա, որ ամեն ինչ էդպես չէ: Ովքեր որ դեմ են այս վիճակին և խոսում են դրա մասին, դրանք չարությամբ լցված մարդիկ չեն, հակառակը՝ երկրի ապագայով, հեռանկարով մտահոգված մարդիկ են, և ժողովուրդը սա պետք է գնահատի»,- այս մասին այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ԵԿՄ համագումարի ժամանակ ունեցած ելույթին՝ Ռուսատամյանն ասաց, թե իր համար Ս. Սարգսյանի ելույթը «բարկացած» էր: «Մի լավ խոսք կա, ասում է՝ Կեսար, եթե դու բարկանում ես, ուրեմն ճիշտ չես: Նախագահն ինքն էլ զգաց, որ բարկանում է, ասաց չէ, ես չեմ բարկանում, ուզում եմ էմոցիաները փոխանցեք ձեր շրջապատին, բայց ես իր ելույթում ավելի շատ բարկություն տեսա, ինչն արդեն նշանակում է, որ լավ չի մեր վիճակը, երբ մեր նախագահն արդեն բարկության մեջ է»,- նշեց նա՝ ավելացնելով, որ ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է, և ԵԿՄ-ն կապ չունի քաղաքական գործունեության հետ: Ըստ նրա՝ այս հարցում օրենքի խախտում կա, որովհետև հնչեցին քաղաքական տեսակետներ:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հնչեցրած տեսակետներին, ապա Ա. Ռուստամյանն ասաց, թե նախագահին թյուրիմացության մեջ են գցում իր իսկ շրջապատում գործող մասնագետները: «Թյուրիմացության մեջ են գցում, որովհետև նախագահը միանշանակ պարտավոր չէ բոլոր հարցերի մասնագետը լինել, ոչ մի նախագահ էլ  այդ մեծ դիապազոնը չունի, մտնի նյուանսների մեջ: Ուրեմն Ս. Սարգսյանը շատ է հավատում իր խորհրդատուներին, իսկ այդ խորհրդատուներին մենք ԱԺ-ում տեսնում ենք, թող գան, մեզ հետ խոսեն: Նույն այդ խորհրդատուները ԱԺ-ում հարց ու պատասխանին ձախողվում են, ադեկվատ, հոդաբաշխ պատասխաններ չեն տալիս, ո՞նց կարող է մասնագետը հայտնվել նման վիճակում: Նախագահը մի հատ լուրջ պետք է լսի երկու կողմին էլ. դատավորի դեր ստանձնի, պիտի արբիտր լինի»,- նկատեց նա:

Տեսանյութեր

Լրահոս