Գալուստ Սահակյանը՝ ոչ իշխանական ուժերին. Նախ՝ պետք է կարողանաս սարը բարձրանալ, հետո՝ մնացածը

168.am-ի հարցազրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ

– ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ԲՀԿ-ն, պատրաստվում են անվստահություն հայտնել ՀՀ կառավարությանը: ՀՀԿ-ն անհանգստացած չէ՞, որ վտանգված է վարչապետի պաշտոնը:

– Մարդիկ ուղղակի փորձում են ամբիոնից խոսել. այդ հնարավորությունն ունեն՝ դա են անում: Ի՞նչ վտանգված. եթե Հանրապետականն անհանգստանալու լիներ, ցանկացած նման երևույթ ինքը կլուծեր, որովհետև լուծումը Հանրապետականի մեջ պետք է տեսնել: Ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը հանիրավի գործողություն է՝ ընդդիմություն որակումը կրելու համար: Իրենք ուզում են, որ ընդդիմություն արտահայտությունն արդարացված լինի: Իրենց արածն ինքնանպատակ է. այդքան բան, որովհետև, երբ մի բան ես ձեռնարկում, բայց չունես համապատասխան կապիտալ, որ արդյունքներ գրանցես, ուրեմն՝ հենց այնպես, հանիրավի գործ ես անում, իրենց խոսքն են ասում, քաշվում մի կողմ: Բա թե չէ ո՞նց եք պատկերացնում, որ ընդդիմությունը ՀՀԿ-ական վարչապետի հրաժարականը պահանջի, ու հրաժարականը որպես արդյունք գրանցվի՞: Դա անհնար է…

– Ընդդիմության ներկայացուցիչներն ամբիոնից հայտարարում են, որ ՀՀԿ-ում էլ կան պատգամավորներ, ովքեր դժգոհ են կառավարության գործունեությունից: Եթե նրանք միանան իրենց նախաձեռնությանը, ապա դրա իրագործումն անհնարին չի լինի:

Կարդացեք նաև

– Դե, ախր… ես ոչ գրբաց եմ, ոչ գուշակ: Դե, ասում են՝ ասում են: Այսօր խոսքի ազատություն է, բոլորն այսօր խոսում են, մի ժամանակ բերանները փակ ապրում էին, բայց հիմա…. եթե ես սկսեմ ընդդիմադիրների պատկերն ընդգծել, փոխհարաբերություններն ընդդիմադիրների հետ, երկիրն ընդհանրապես ընդդիմություն չի ունենա: Դրա համար խուսափում եմ դրանից:

– Բացառո՞ւմ եք, որ ՀՀԿ-ում կլինեն պատգամավորներ, ովքեր կողմ կքվեարկեն կառավարությանն անվստահություն հայտնելու այդ ուժերի նախաձեռնությանը: 

– Իհա՛րկե, իհա՛րկե բացառում եմ:

– Ինչո՞ւ եք այդքան վստահ: Թույլ չե՞ք տա կողմ քվեարկել, կվախենա՞ն:

– ՀՀԿ-ն իր կոնկրետ խնդիրները, ծրագրերն ունի, ու այդ ծրագրերի, խնդիրների շուրջ հավաքվել են մարդիկ, և եթե նման երևույթներով մտածենք՝ այդ մարդն այսօր ՀՀԿ-ի կողքին չէր լինի: Հանրապետականի որոշումներն իրացվում են բոլորի կողմից, դրանք համաձայնեցված որոշումներ են:

– Այսինքն՝ ամեն գնով հե՞տ կպահեք նման պատգամավորներին, չե՞ք թողնի՝ Տիգրան Սարգսյանի կառավարությանն անվստահություն հայտնեն:

– Ծիծաղելի հարցադրում եք անում, և ավելի ծիծաղելի կլինի, որ պատասխանեմ: Եթե ցանկացած երևույթ մենք մտածում ենք կատարել, մենք մեր ուժերով ենք իրականացնում, մեզ երբեք ու երբեք… անվստահության խնդիրն էլ չէր առաջանա:

– Դուք վարչապետի, կառավարության փոփոխության անհրաժեշտություն չե՞ք զգում: Գուցե ընդդիմության փաստարկները հիմնավո՞ր են, և նոր կառավարությունն ավելի լա՞վ կաշխատի:

– Դուք հավանաբար չգիտեք ԱԺ կանոնակարգը. ոչ իշխանական ուժերը հնարավորություն ունեն հարցը բարձրացնելու, ինչը քվեարկության է դրվում: Հիմա կարծում եք, որ Հանրապետականն ընդդիմության հետ պետք է նույն մոտեցո՞ւմն ունենա: Հրաժարականի պահանջն անտեղի է:

– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են ոչ իշխանական ուժերն անվստահություն հայտնում կառավարությանը և չեն պահանջում ամբողջական իշխանափոխություն:

– Որովհետև չեն ուզում գյուղապետ դառնան, չեն ուզում թաղապետ դառնան, ուզում են նախագահ դառնան, վարչապետ դառնան, ուզում են նախարար դառնալ: Ես ընդդիմության նման քայլերին հումորով եմ մոտենում, որովհետև չի կարելի սարի ծայրին կանգնել, ասել՝ աշխարհն իմն է, հես ա ես գալիս եմ… նախ՝ պետք է կարողանաս սարը բարձրանալ, հետո՝ մնացածը:

– Համաձայն չե՞ք, որ չորս խմբակցության համատեղ գործունեությունն արդեն իսկ հաջողություն է:

– Դե չորսո՞վ… եթե այդ չորսին իրար հետ վերցնես, հաշվարկներ կան, չէ՞, խորհրդարանում 76 պատգամավոր վճռական են, մնացածն ընդդիմություն են: Դե դրեք քվեարկության, տեսեք՝ որի տեսակետը կանցնի: Հո ամեն ինչ…

Տեսանյութեր

Լրահոս