ՀՀ բոլոր իշխանությունները փորձել են Հայաստանը դարձնել Ռուսատանից «նվաստ, կախված»
Հայաստանի անկախ պետականության ամբողջ պատմությունը Ռուսատանից փախչելու փորձ է: Այս մասին այսօր «Սիվիլիթաս»-ի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Նրա խոսքով՝ ՀՀ բոլոր իշխանությունները փորձել են Հայաստանը դարձնել Ռուսատանից «նվաստ, կախված» և այս առումով որևէ բան չի փոխվել: «Ռուսաստանը մշտապես փորձել է իր ազդեցությունը պահել Հայաստանում: Մի մոռացեք, որ Ռուսաստանն այս ընթացքում երկու կարևոր պատերազմի միջոցով է անցել և ՌԴ համար Հարավային Կովկասը կարևոր է, երբ կորցրել է Հյուսիասային Կովկասը: Մենք փորձել ենք դեռ այն ժամանակվանից՝ անկախ պետականությունը կառուցելով, կամաց-կամաց ձերբազատվել ՌԴ-ից, և սա եղել է հենց հանրաքվեի հարցի մեջ՝ մենք ուզո՞ւմ ենք՝ Հայաստանը լինի ժողովրդավարական պետություն: Եվ այս հարցի պատասխանը մենք դեռ չենք կարողացել տալ, որովհետև չենք կարողացել կառուցել ժողովրդավարական պետություն՝ լեգիտիմ իշխանություններով, որը կկարողանա որոշել՝ որն է մեր ուղին»,- նշեց նա:
Ալ. Արզումանյանը հորդորեց չհամեմատել Հայաստանը Վրաստանի հետ՝ նշելով, որ Վրաստանն անցել է այդ ճանապարհը: «Վրաստանը գին է մուծել՝ իր երկու տարածքներից հրաժարվել է հանուն եվրաինտեգրման: Մենք պատա՞ստ ենք նման գին վճարել եվրոպական նկրտումները բավարարելու համար»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ Հայաստանն է մեղավոր, որ, լինելով ժողովրդավարության կղզյակ, ինչ-որ պահից սկսեց գործել այնպես, ինչպես սովոր է եղել Խորհրդային միությունում, ռուսական կայսրությունում: «Մենք սկսեցինք աչք փակել խախտումների, մարդու իրավունքների վեհ գաղափարների վրա, սկսեցինք գործել՝ միջոցները արադարացնում են նպատակը սկզբունքով: Եվ արգասիքը նա է, որ չունենք պետություն, իշխանություններ, որոնք կարող են հավասարը հավասարի պես նստել-խոսել բանակցողների հետ, զիջել ենք մեր սուվերենությունը ՌԴ-ին, և ցավալի է, որ մեր ժողովուրդը, մաքառելուց հետո, պիտի գա դառնա…»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքական էլիտան, այդ թվում՝ ընդդիմությունը, կողմնակից է Մաքսային միությանն անդամակցելուն և սա է Հայաստանի Հանրապետության ցավը: