Եվրոպան մի պահ շփոթի մեջ հայտնվեց, բայց հասկացավ, որ դռները եթե շրխկացնեն, իրենց էլ ձեռնտու չի լինի

«Մենք կողմ ենք, որ մեր հարաբերություններն ակտիվանան թե՛ Մաքսային միության, թե՛ Եվրամիության հետ, և այլ ուղղություններով՝ նույնպես»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արտյուշա Շահբազյանը՝ ի պատասխան այն հարցին, թե հնարավո՞ր է, որ «Եվրոպական փաթեթի» շրջանակներում Հայաստանը կրկին սկսի հարաբերություններ կառուցել Եվրոպայի հետ:

Հիշեցնենք, որ Եվրամիության անդամ 13 երկրներ հանդես են եկել Արևելյան գործընկերության անդամ երկրների հետ հարաբերությունները շարունակելուն միտված նոր գործողությունների ծրագրի մշակման առաջարկությամբ, որն արդեն իսկ ստացել է «Եվրոպական փաթեթ» անվանումը: Արևելյան գործընկերության ծրագրի տապալումից հետո սա Եվրոպայի առաջին քայլն է՝ շարունակելու հարաբերություններն այն պետությունների հետ, որոնք այդպես էլ չասոցիացվեցին Եվրամիության հետ: Փաթեթի մանրամասներն առայժմ հայտնի չեն, բայց ենթադրվում է, որ ներառված դրույթներն օգնելու են վերականգնել Եվրամիության ընդլայնմանն ուղղված քաղաքականությունը:

Արտյուշա Շահբազյանի խոսքով՝ «Եվրոպական փաթեթի» մասին կարծիքներ հայտնելը դեռ վաղ է՝ մանրամասներ չկան, բայց նա նաև հիշեցրեց, թե իրենք կողմ են, որ Հայաստանը համագործակցի և՛ Եվրոպայի, և՛ Ռուսաստանի հետ:

«Մենք կողմ ենք, որ մեր հարաբերություններն ակտիվանան թե՛ Մաքսային միության, թե՛ Եվրամիության հետ, և այլ ուղղություններով՝ նույնպես: Ես համարում եմ, որ սա ճիշտ է, կապեր կարող են լինել տարբեր ֆորմատներով, բայց չեմ ուզում դատողություն անել մի բանի մասին, որը չեմ կարդացել: Մենք պետք է առավելագույնս անենք, որ հանկարծ միակողմանի կապերով չկաշկանդվենք, պետք է ձգտենք, որ կապերը լինեն բազմակողմ, սա նաև պատմականորեն է այդպես եղել՝ Հայաստանը դարեր շարունակ փորձել է նման քաղաքականություն վարել»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Անդրադառնալով այն կարծիքներին, թե Եվրոպայի «դռները» Հայստանի համար փակ են Ասոցացման համաձայնագիրը չստորագրելուց հետո, ուստի համագործակցության որևէ ֆորմատ ՀՀ-ի համար այլևս կիրառելի չէ, ՀՅԴ անդամը նկատեց, թե փաստերն այլ բան են ապացուցում:

«Եվրոպան մի պահ շփոթի մեջ հայտնվեց, դժգոհություն եղավ, բայց հասկացան, որ դռները եթե շրխկացնեն, իրենց էլ ձեռնտու չի լինի: Գործընթաց կա, Եվրոպան ամեն կերպ ցույց է տալիս, որ իրենք պատաստ են չխզել մեզ հետ համագործակցության կապերը»,- ասաց Շահբազյանը:

Մեր հարցին, թե՝ չե՞ք կարծում, որ Հայաստանն էլ ամեն կերպ ցույց է տալիս, որ ցանկություն չունի համագործակցելու Եվրոպայի հետ, նա այսպես արձագանքեց. «Չեմ կարծում: Գուցե հիմա ՄՄ-ի շուրջ են գործընթացները կատարվում, դրա համար է նման տպավորություն: Ես չեմ կարծում, որ եթե Եվրոպայի հետ համագործակցության միտումն ակտիվ չէ, ուրեմն գոյություն չունի: Հայաստանի իշխանությունները պիտի տան նման հնարավորություն: Ճիշտ չի լինի, որ մեկ ուղղության վրա կենտրոնանան. պետք է պինդ լինեն, պայքարեն»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս