Ճապոնիայում առատ ձյան պատճառով տուժել է 326 մարդ
Ճապոնական NHK հեռուստաալիքի փոխանցմամբ` Ճապոնիայի կենտրոնական հատվածում գրանցված առատ ձյան պատճառով տուժածների քանակը հասել է մինչև 326-ի: Դեպքերի մեծ մասի ժամանակ մարդիկ վնասվել են սայթաքուն ճանապարհի վրա ընկնելու հետևանքով:
Մի քանի տասնյակ մարդ ստացել է կոտրվածքներ ու ցնցումներ: Ճանապարհա-տրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է երկու մարդ, սակայն հայտնի չէ, թե դա որքանով է կապված առատ ձյան հետ: Այսօր առավոտյան առատ ձյունը շարունակում է տեղալ Տոկիոյում ու նրան հարակից շրջաններում:
Ճապոնիայի ազգային օդերևութաբանական գործակալությունը հրապարակել է վերջին 13 տարում առաջին զգուշացումը Տոկիոյի բոլոր 23 շրջաններին: Ներկայումս մի շարք շրջաններում ձյան ծածկույթը հասնում է մոտ 10 սանտիմետրի, ինչը ռեկորդային է վերջին 16 տարվա համար:
Առատ ձյան պատճառով չեղյալ է հայտարարվել ավելի քան 610 ներքին ավիաչվերթ: Խափանումներ են առաջացել նաև երկաթուղու աշխատանքում: