Ադրբեջանը մտադիր չէ մոտ հեռանկարում անդամակցել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը. Իլհամ Ալիև
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի շրջանների տնտեսական զարգացման վերաբերյալ կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր չէ մոտ հեռանկարում անդամակցել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ).
«Յուրաքանչյուր երկիր պետք է պաշտպանի իր շուկան, և Ադրբեջանն ընթանում է այդ ուղով: Մենք դեռ չենք մտել ԱՀԿ՝ թեև մեզ համառորեն հրավիրում են այնտեղ: Ադրբեջանի տվյալ դիրքորոշումը կապված է տեղական արտադրողներին պաշտպանելու ձգտման հետ:
Մենք պետք է սկզբնական շրջանում պայմաններ ստեղծենք մեր ֆերմերների, ընկերությունների համար: Հակառակ դեպքում մենք չենք կարող բացել մեր շուկան՝ անորակ, էժան օտար ապրանքների առջև, քանի որ այդ դեպքում վերջ կտրվի տեղական արտադրանքին, կտուժեն ֆերմերները:
Ադրբեջանը կդառնա ԱՀԿ-ի անդամ, սակայն երբ դա տեղի կունենա, պետք է որոշենք մենք: Ադրբեջանը կդառնա ԱՀԿ-ի անդամ, երբ գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը միտված կլինեն դեպի արտահանում: Եվ այդ ժամանակ կտեսնենք, թե արդյոք ԱՀԿ-ը նույն համառությամբ կկանչի՞ մեզ, ինչպես որ ներկայումս է»:
Ընդգծվում է, որ ԱՀԿ-ին անդամակցելը հանդիսանում է ԵՄ-ի հետ Ազատ առևտրի գոտու ստորագրման վերաբերյալ նախապայման: