Ֆինանսական բուրգի գործով նիստը հետաձգվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր հայտնի ֆինանսական բուրգի գործով դատական նիստը: Դատական նիստը, սակայն, տեղի չունեցավ. գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի պաշտպան Համազասպուհի Գրիգորյանը չէր ներկայացել դատական նիստին: Նա դատարանին հայտնել էր, որ մասնակցում է վերապատրատման դասընթացի, չի կարող ներկայանալ դատական նիստին և միջնորդել էր գործի քննությունը հետաձգել ու նշանակել մեկ այլ օր: Դատավարության կողմերը չառարկեցին պաշտպանի միջնորդության դեմ: Դատավոր Գագիկ Պողոսյանը հետաձգեց դատական նիստը: Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 21-ին:

Նշենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի վատառողջ լինելու պատճառով: Նրա փաստաբանը նախորդ դատական նիստի ընթացքում միջնորդել էր Ա. Անդրեասյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանել՝ պարզելու համար՝ ինչ հիվանդությամբ է նա տառապում, արդյոք նրա ներկայիս վիճակը թույլ տալի՞ս է նրան մասնակցել դատական նիստերին, արդյոք անազատության մեջ գտնվելու հանգամանքն ազդո՞ւմ է նրա հիվանդության զարգացման վրա: Փաստաբանը հայտնել էր, որ Ա. Անդրեասյանը դժվարությամբ է ընկալում շրջապատը, դժվարությամբ է քայլում: Պաշտպանի միջնորդությունը մերժվել էր:

Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է  առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։

Տեսանյութեր

Լրահոս