Հրայր Թովմասյան. Կառավարությունը ոչինչ չի վաճառել, գույքը վաճառել է «Որոտան» ՓԲԸ-ն

ԱԺ-ՀՀ կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ասաց. «Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի՝ պետական գույքը, բացառությամբ՝ շարժական գույքի, ենթակա է մասնավորեցման միայն ԱԺ կողմից ընդունված օրենքով մասնավորեցման ծրագրում ընդգրկվելուց հետո: «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. մասին» օրենքով «Որոտանի» հէկ-երի համակարգ ՓԲԸ-ն հանվել է մասնավորեցման ծրագրից, որից հետո մասնավորեցման ծրագրում չի ընգրկվել: 2014թ. հունվարին Կառավարությունը կնքել է «Որտանի» հէկ-երի համալիրի գույքի առքուվաճառքի պայմանագիր»:

Ապա պատգամավորը հետաքրքրվեց, թե ի՞նչ իրավունքով է Կառավարությունը օտարել պետական գույքը: Լևոն Զուրաբյանը նշեց նաև, թե հրապարկված տեղեկությունների համաձայն, գնորդը գնել է գույքը 180 մլն դոլարով: Այս առնչությամբ ՀԱԿ պատգամավորը հետաքրքրվեց, թե կարո՞ղ ենք ասել, որ այդ գումարը մուտք է գործելու պետական բյուջե: «Եթե այո, ապա ինչո՞ւ բյուջեի եկամուտների, հնարավոր ծախսերի փոփոխությունը չի ներկայացվում ԱԺ հավանությանը:

Եթե այդ գումարը ամբողջությամբ կամ մասնակիորեն չի մուտքագրվելու բյուջե, ապա խնդրում եմ նշել բոլոր պետական մարմինների, կազմակերպությունների, ձեռնարկությունների, անհատների անունները, ում հաշվին կփոխանցվի այդ գումարը»,- ավելացրեց նա:

Ի պատասխան Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հռետորական հարց հնչեցրեց, թե Կառավարությունն արդյո՞ք վաճառել է «Որոտան» ՓԲԸ բաժնետոմսերը, թե՞ ոչ, ապա պատասխանեց իր հարցադրմանը. «Ոչ, Կառավարությունը ոչինչ չի վաճառել: Կառավարությունը կարող է ունենալ սեփականություն կա՛մ բաժնետոմսերի, կա՛մ գույքի ձևով: Չի կարող Կառավարությունը միաժամանակ նույն գույքի հետ կապված ունենա և՛ բաժնետոմս, և՛ գույք: Գույքը վաճառել է «Որոտան» ՓԲԸ-ն: Վաճառել է իր գույքի մի մասը, ոչ թե ողջ գույքը, իսկ դրա իրավունքը ուներ: Այս պարագայում բաժնետոմսերը չի վաճառվել և այս հէկ-ի տնօրինման տակ կան մի շարք գույքեր: Եթե ինչ-որ մեկը կասկածում է, որ «Որոտան» ՓԲԸ-ն դեռևս իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցված է, կարող ենք ներկայացնել»:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է նրան, թե որտե՞ղ են մուտքագրվելու գումարները, ապա նախարարը պատասխանեց՝ «Որոտան» ՓԲԸ հաշվեհամարին: «Ուրիշ տեղ դրանք չէին կարող լինել, որովհետև Կառավարությունը չի մասնավորեցրել սա»,- ասաց նա:

Հայր Թովմասյանը շեշտեց նաև, թե Կառավարությունն է տնօրինում, տիրապետում և օգտագործում պետական սեփականությունը, բայց պետական սեփականությունը «դա ոչ թե «Որոտանի» գույքն է, այլ՝ բաժնետոմսերը»:

Հ. Թովմասյանը օրինակ բերեց. «Եթե որևէ մեկը տիրապետում է «Մերսեդես» ֆիրմայի բաժնետոմսերին, դա չի նշանակում, որ իր սեփականությունն է հանդիսանում «Մերսեդեսի» արտադրանքը»:

Լևոն Զուրաբյանն էլ հակադարձեց՝ ասելով. «Ես ուղղակի պետք է կրկնեմ հիմա բոլորի ռեակցիան: Այն, ինչ աասցիք՝ լիակատար դեմագոգիա է: Օրենքում չի գրված՝ խոսքը գույքի մասի՞ն է, որը տնօրինում է Կառավարությունը, թե՞ պետական ձեռնարկությունը: Օրենքում հստակ գրված է մեկ բան՝ պետական գույքը չի կարող մասնավորցնել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգը՝ անկախ նրանից՝ դա տնօրինում է Կառավարությո՞ւնը, թե՞ մեկ ուրիշը»:

Դիմելով Հ. Թովմասյանին՝ Զուրաբյանը նկատեց նաև. «Եթե որպես իրավաբան, յուրիստ, այս տեքստը չեք ընկալում, ուրեմն գոնե զուտ բովանդակային առումով հասկացեք, որ եթե օրենքի Ձեր ասած մեկնաբանությունը իրականություն լիներ, դա կնշանակեր մեկ բան, որ ով, ինչ ուզեր՝ կաներ, ցանկացած գույք հնարավոր կլիներ առանց օրենքների պահպանման, առանց ԱԺ հավանության, վաճառել: Դա իսկապես այն է, ինչ Դուք անում եք, բայց դա հանցագործություն է, որի համար երբևէ պատասխանատվություն կրելու եք»:

Հրայր Թովասմայն էլ չհամաձայնեց Լ. Զուրաբյանի հետ՝ ասելով. «Այս բարձր ամբիոնից անհեթեթություն ասելը որևէ մեկին պատիվ չի բերում: Եվ տարրական իրավաբանական գիտելիքների պակասն էլ որևէ պատգամավորի պատիվ չի բերում: Կարդալ, հասկանալն էլ… եթե Դուք չեք հասկանում, դա չի նշանակում, որ այդտեղ տրամաբանություն չկա, եթե Դուք այդ տրամաբանությունը չունեք՝ ամբողջը հասկանալու համար: Եթե այդքան լսելու ունակություն էլ չունեք՝ Ձեր տված հարցը լսելու, ապա Ձեզ ասում եմ՝ կընկնեք շատ անհեթեթ վիճակում, երբ պետությունը մեկ շկաֆ վաճառելու ժամանակ, հանկարծ պիտի Ձեր թույլտվությունը ստանա՝ վաճառի՞, թե՞ չվաճառի: Մեր երկրի դժբախտությունն է, որ էս ամբիոնից նման հարցեր կարող եք բարձրացնել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս