Բաժիններ՝

«Տունս զիբիլանոց են դարձրել, էնքան են կրակել». Սահմանամերձ Չինարիի կյանքը` գետնի տակ. medialab.am

medialab.am-ը գրում է. Կիսամութ սենյակի մի անկյունում` վառարանի մոտ, լուռ նստել է 25-ամյա Սյուզաննան ու հեռուն գնացող մտքերով, դանդաղ խառնում է գազօջախին դրված ապուրը:

Նրա դիմաց՝ անկողնում, խորը քնի մեջ է 10 ամսական աղջիկը, ում ծնվելուց հետո հայրը նրան ընդամենը մեկ շաբաթ է տեսել: Հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Չինարի գյուղում շատ և շատ երեխաների համար սովորական է դարձել իրենց հայրերին տարվա ընթացքում մի քանի շաբաթ կամ մի քանի օր տեսնելը:

1280 բնակիչ ունեցող Չինարիից 20-25 տղամարդ ամեն տարի մեկնում է արտագնա աշխատանքի: Իսկ 1995-ից մինչ օրս 300 ընտանիք մեկնել է Ռուսաստան մշտական բնակության:

Արտագնա աշխատանքի մեկնող ամուսնուն կարոտով սպասող Սյուզաննա Ղալեչյանը ադրբեջանական կողմի ամենօրյա կրակոցների տակ միայնակ է մեծացնում իր երկու զավակներին: Նրան օգնում է միայն իր հետ ապրող 65-ամյա սկեսուրը:

Կարդացեք նաև

«Որ կրակում են, մտնում ենք տուն, դուրս չենք գալիս, մինչև ավարտվի: Արդեն սովորական բան են դարձել էդ կրակոցները մեզ համար: Որ չեն կրակում, ավելի վտանգավոր է, մտածում ենք` տեսնես ի՞նչ կա մտքներին, ի՞նչ են ուզում անեն, իսկ որ կրակում են, արդեն գիտենք, որ մտքներին դա է, հա կրակելու են մի քանի ժամ»,-ասում է Սյուզաննան:

Նա 5 տարի է, ինչ ամուսնացած է: Սահմանամերձ գոտում ապրելը, ադրբեջանցիների կրակոցների տակ երեխաներին մեծացնելն ու ամիսներով ամուսնուց հեռու գտնվելը նրան արդեն կոփել են:

«Արդեն սովորել ենք, որ ամուսինս մեզնից հեռու է: Դե, որ ստեղ նորմալ գործ չկա, ի՞նչ անենք, պետք ա գնա, դրսում աշխատի: Ինքը Մոսկվայում շինարարությունում է աշխատում: Հիմնականում Նոր տարուն է տուն գալիս մի շաբաթով կամ մի 10 օրով»,- ասում է Սյուզաննան և հավելում, որ ամուսնու ուղարկած գումարով են ապրում:

Անգամ գյուղին մոտ գտնվող իրենց հողատարածքները, որտեղ զբաղվում են հիմնականում խաղողագործությամբ, չեն կարողանում մշակել, քանի որ անընդհատ ադրբեջանական նշանառության տակ են:

Տան դիմացի ամենաբարձր սարին տեղակայված է ադրբեջանական հենակետը, որից պարբերաբար կրակոցներ են ուղղվում Չինարիի տների, դպրոցի, անգամ մանկապարտեզի ուղղությամբ:

Սյուզաննայի առաջնեկը՝ 5-ամյա Արտավազդը, հաճախում է մանկապարտեզ և շատ լավ գիտի` ադրբեջանցիների կրակոցներից ինչպե՞ս պետք է զգուշանալ ու որտե՞ղ թաքնվել:

Նա դեռ ծնված օրից լսել ու ականատես է եղել տների կտուրներին թռչող կրակոցներին:

«Տղաս՝ Արտավազդը, ամեն ինչ գիտի, հասկանում է, ասում է` թուրքերն են կրակում: Որ ապահով լինի, ընենց տեղերով ենք քայլում, որ չերևանք»,- ասում է Սյուզաննան:

Երկհարկանի տնից կանգուն է մնացել միայն նկուղային հարկը: Վերևի հարկը կրակոցներից ամբողջովին ավերվել, քանդվել է:

Լիլիթ Առաքելյան
Հաովածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս