Շիրակի մարզի դատախազը՝ Վարդան Ղուկասյանի որդու արարքների մասին. «Յուրաքանչյուր ստահակի գործողություն մի՛ պրոպագանդեք». ԳԱԼԱ
«Գյումրին երբեւէ կրիմինալ համբավ չունի եւ չի ունեցել»,- ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:
Շիրակի մարզի դատախազը խնդրել է լրագրողներին «մեկ-երկու ստահակների միջին չափի խուլիգանություններին» արհեստական մեծ հնչեղություն չհաղորդել: Իսկ անդրադառնալով մամուլում մեծ հնչեղություն բարձրացրած վերջին զարգացումներին, որենք կապվում են Վ. Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի անվան հետ, դատախազն ընդգծել է, որ աղմկոտ կամ աղմկահարույց համարել վերջին իրադարձությունը եւս վիճելի է:
«Շատ աղմկոտ հարցեր կան, որոնց շուրջ աղմուկ չի բարձրացվում նաեւ հանրապետության տարբեր տարածքներում: Լրատվամիջոցներին ուղղակի խնդրում եմ՝ արծարծեն հավաստի տեղեկություններ: Կխնդրեմ՝ յուրաքանչյուր ստահակի գործողություն մի՛ պրոպագանդեք: Իրավապահները կաշխատեն, եւ յուրաքանչյուր անձ կունենա իր պատիժը: Պատժի անխուսափելիության հարցում կասկած մի՛ ունեցեք:
Դա թեթեւ խուլիգանություն է, որոնց դեպքում նախատեսվում է վարչական պատասխանատվություն:
Ոչ ոք չի կարող խուսափել պատասխանատվությունից՝ անկախ զբաղեցրած դիրքից, հոր կամ իր ունեցած հնարավորություններից: Նախկինի մասին չխոսենք, այսօր պետության քաղաքականությունն այլ է, նկատի ունեմ այն, որ եթե նախկինում մեկ-երկու գործեր կան, որ կարող եք ասել՝ մարդիկ ճողոպրել են, հիմա չի լինելու»:
Րաֆֆի Ասլանյանը նշել է, որ «հնչեղ գործով» հիմա ցուցմունք տվողներ չկան, եւ դա ավելի մեծ խնդիր է: Ըստ նրա՝ ՀՀ բոլոր մարզերում այդ խնդիրը կա, իսկ Գյումրիում ավելի ընդգծված է այն, որ մարդիկ չեն ուզում վատամարդ լինել:
«Իբրեւ թե հնչեղ գործով չկա մեկը, որ գա ցուցմունք տա, իսկ ով քիչ թե շատ ցուցմունք է տալիս, երեք օր հետո արդեն սահմանն հատում է, սա է ամբողջ խնդիրը»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: