«Որևէ գաղտնի հարց չի քննարկվում, աշխարհում ընդունված ձև է». Վազգեն Մանուկյանը «Գրիբոյեդով» ակումբի մասին. Անկախ

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն «Անկախի» հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել «Գրիբոյեդով» ակումբի, դրա մասնակիցների, քննարկման ձևաչափի, ինչպես նաև այդ քննարկումներին իր մասնակցության վերաբերյալ՝ անդրադառնալով ակումբի մասին մամուլում շրջանառվող հակասական լուրերին, թե իբր այն գործում է «կիսագաղտնի» և դրա անդամ է նաև Վազգեն Մանուկյանը:

Նրա խոսքով՝ իրեն հրավիրել են մասնակցելու ակումբի քննարկումներին անցյալ տարի, և տարվա ընթացքում մասնակցել է մի քանի հանդիպումների:

«Բանավիճային ակումբ է, ոչ ֆորմալ, ազատ ձևաչափով՝ ճաշի սեղանի շուրջ: Որևէ գաղտնի հարց չի քննարկվում, պարզապես այդ հանդիպումները լրատվամիջոցներով չլուսաբանելու ներքին պայմանավորվածություն կա, որպեսզի մարդիկ ավելի ազատ արտահայտեն իրենց տեսակետները, լինեն ավելի անկաշկանդ, բաց բանավեճ ծավալեն»,- ասել է նա՝ նշելով, սակայն, որ տեղյակ չէ, թե երբվանից է ակումբը գործում:

Մանուկյանն ասում է, որ մասնակիցների մեջ հիմնականում մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ են, գործարարներ, քաղաքագետներ, սակայն կազմն անընդհատ փոփոխվում է: «Ես, օրինակ, մի քանի հանդիպումների մասնակցել եմ,  շատերի ժամանակ էլ զբաղված եմ եղել և հնարավորություն չեմ ունեցել մասնակցելու: Կան մարդիկ, որոնց միշտ ես տեսնում: Բացի այդ, մասնակիցներն էլ իրենց հերթին կարող են որևէ մեկին հրավիրել: Ունեմ ծանոթներ, որոնք երկու տարի առաջ մասնակցել են, հետո որոշ դադար են տվել, դուրս են մնացել հրավիրյալների ցանկից, բայց եթե ուզենան` կարող են նորից մասնակցել: Այսինքն` ազատ, ճկուն ակումբ է, հատուկ անդամներ չկան»:

Վազգեն Մանուկյանը, օրինակ, մասնակցել է քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի հետ հանդիպմանը, որի հետ քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող բազմաթիվ հարցեր, այդ ընթացքում սուր բանավեճեր են ծավալվել իր ու Կուրղինյանի միջև: Մասնակցել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու հետ հանդիպմանը, որը բավականին հետաքրքիր է անցել: Ըստ Մանուկյանի` երիտասարդ նախարարը բավական լավ տպավորություն է թողել որպես ոչ սովորական չինովնիկ, որպես իսկական մշակույթի մարդ, մտածող մարդ:

Սովորաբար, քննարկումները վարում է ակումբի հիմնադիր, հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովը, սակայն նա քննարկումներից մեկին մասնակցել է նաև գլխավոր հրավիրյալի կարգավիճակով, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նշանակվել է «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալության ղեկավար։ Մանուկյանն այդ հանդիպմանը նույնպես մասնակցել է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս