«Դեմ եմ»-ը չի դադարեցնի ակցիաները

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը շարունակելու է քայլեր ձեռնարկել՝ օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել՝ ժամանակավորապես կասեցնել օրենքը մինչև դատաքննության ավարտը՝ մարտի 28-ը: Արդյոք քաղաքացիական նախաձեռնությունը շարունակելո՞ւ է ակցիաներ, հանրահավաքներ անցկացնել այս ընթացքում, թե՞ ոչ:

168.am-ի հետ զրույցում, ի պատասխան մեր հարցադրմանը, «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը հայտնեց, որ մինչև մարտի 28-ը իրենք նախատեսում են տարբեր ակցիաներ՝ մասնավորապես աշխատելու են մարզերում:

«Այս պահին հստակ որոշված է մարզեր գնալը, ու առաջին այցելությունը լինելու է դեպի Վանաձոր, փետրվարի 8-ին: Շատ հնարավոր է, որ նաև Ալավերդի գնանք: Երկու տեղերում էլ կան ակտիվ գործող խմբեր, որոնք տեղում տարբեր ակցիաներ են կազմակերպում: Եվ հենց ամսի 8-ին վանաձորյան խումբը երթ-հավաք է կազմակերպում, որին մենք էլ Երևանից գնալու ենք՝ միանալու»,- ասաց մա:

Ըստ Տիգրան Մարտիրոսյանի՝ մարզային այցելությունները կնպաստեն նախ մարդկանց տեղեկացվածության մեծացմանը, ապա՝ տեղում գործող խմբերի հետ ավելի սերտ կապերի հաստատմանը: «Ինչպես նաև եթե կլինեն տեղեր, որ խմբեր չկան, բայց պոտենցիալ կա խումբ ձևավորելու, ապա օգնենք նաև այդ խմբերի ձևավորման հարցում»,- նշեց նա:

Մեր հարցին, թե արդյոք ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները՝ ՀԱԿ, ՀՅԴ« ԲՀԿ, «Ժառանգություն» միանալո՞ւ են մարզային այցելություններին, նա պատասխանեց, թե այդ հարցով իրենք խմբակցությունների հետ չեն խոսել, բայց «եթե միանան՝ ավելի լավ»:

Ի դեպ, ինչպես փոխանցեց Մարտիրոսյանը, ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների հետ իրենք դեռ հանդիպումներ չեն ունեցել, բայց հավանաբար կունենան: «Այս պահին հստակ բան չկա որոշված: Լինելու դեպքում խմբում կգրվի»:

Տեսանյութեր

Լրահոս