Ինչպե՞ս է հունվարի 28-ը դարձել բանակի ծննդյան օր

Այսօր Հայաստանում նշում են Հայկական բանակի ստեղծման օրը: Իսկ ինչո՞ւ հենց հունվարի 28-ը, ինչպե՞ս է որոշվել հունվարի 28-ը նշել՝ որպես բանակի ծննդյան օր: Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում գրված է, որ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» օրենքը, այսինքն՝ այդ օրը ստեղծվեց Պաշտպանության նախարարությունը, և հետագայում այդ օրը որոշվեց դարձնել Հայկական բանակի ծննդյան օր:

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ դա այնքան էլ այդպես չէ: «Պաշտպանության նախարարությունը ստեղծվել է դրանից ավելի վաղ: 1991թ. արդեն նշանակվել էր Պաշտպանության նախարար, նշանակվել էին փոխնախարարներ և վարչության պետեր: 1992թ. հունվարի 28-ը նշանավոր էր նրանով, որ այդ օրը Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը ստորագրեց երեք պատմական որոշում, որոնցով ստեղծվեցին Հայկական բանակի առաջին երեք շարային զորամասերը` Վանաձորի գունդը, որի հրամանատար նշանակվեց Ալեքսանդր Թազագուլովը, ով հետագայում հանկարծամահ եղավ, երբ իմացավ, որ իր գնդի տղաները զոհվել են Արծվաշենի պաշտպանության մարտերում, Լուսակերտի գունդը, որի հրամանատար նշանակվեց այսօրվա Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, և Մայրաքաղաքային գունդը, որի հրամանատար նշանակվեց Վոլոդյա Կարապետյանը, ով իսկապես հերոս տղա էր և հերոսի մահով զոհվեց Շահումյանի պաշտպանության կռիվներում»:

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ Վազգեն Սարգսյանը համարում էր, որ բանակի ծնունդը պետք է համարել ոչ թե Պաշտպանության նախարարության ստեղծումը, այլ կանոնավոր բանակի զորամասերի կազմավորումը: «Նույն օրն այդ զորամասերի հրամանատարներին նախարարի հրամանով շնորհվեցին գնդապետի կոչումներ: Գնդապետի կոչում ստացա նաև ես և էլի մի քանի զինվորականներ»,- հիշում է Անդրանիկ Քոչարյանը:

Իսկ հունվարի 28-ը նշել որպես բանակի ծննդյան օր որոշվել է ավելի ուշ: Վազգեն Սարգսյանի մարտական ընկեր Հուսիկ Բաղդասարյանը, ով ծնվել է հունվարի 28-ին, հիշում է, որ այդ օրը որպես բանակի ծննդյան օր նշելու որոշումը կայացվել է հենց իր ծննդյան օրվա միջոցառման ժամանակ:

«1995թ. Մասիսում գտնվող մի տարածքում նշում էինք իմ ծննդյան տոնը: Ներկա էին Հայաստանի զինվորական վերնախավի գրեթե բոլոր ներկայացուցիչները, այդ թվում և՝ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը և Պետնախարար Վազգեն Սարգսյանը, նախարարի տեղակալներ, զորամասերի հրամանատարներ: Խոսք գնաց, թե որ օրը պետք է համարել բանակի ծննդյան օր: Մի մասը պնդում էր, որ դա պետք է լինի սեպտեմբերի 2-ը քանի որ այդ օրը ստեղծվել է  Հատուկ գունդը, և հիմնավորում էին, որ դա է եղել կանոնավոր բանակի հիմքը,  մյուսները Հատուկ գունդը համարում էին ՆԳՆ համակարգի զորամիավորում և չէին ցանկանում, որ այն նույնացվի բանակի հետ, և  բանակի ստեղծման օր էին համարում Պաշտպանության նախարարի նշանակման օրը՝ ասելով, որ, եթե երկրում կա Պաշտպանության նախարար, կա նաև բանակ: Մի մասն էլ կողմ էր, որ բանակի ստեղծման օր համարվի հունվարի 28-ը: Երբ վեճը թեժացավ, ներկաներից մեկը որոշեց զրույցը շեղել այլ թեմայի ուղղությամբ և ասաց, որ այսօր մենք հավաքվել ենք՝ նշելու Հուսիկի ծնունդը:

Վազգենը միանգամից վեր կացավ ու ասաց. եթե այսօր Հուսիկի ծնունդն է, ուրեմն նաև Հայկական բանակի ծննդյան օրն է: Պարզ է, որ դա ասվեց հումորով, և Վազգենն իր հոգու խորքում հենց հունվարի 28-ն էր համարում բանակի ծննդյան օր, քանի որ այդ օրն իր հրամանով ստեղծվել էին կանոնավոր բանակի առաջին զորամասերը, իսկ բանակը բանակ է հենց զորամասերով, զինվորով: Վազգենի խոսքը ներկաների համար օրենք էր, և բոլորը համարեցին, որ հենց հունվարի 28-ն էլ պետք է ընդունել՝  որպես Հայկական բանակի ծննդյան օր»,-  պատմում է Բաղդասարյանը: Նա հիշում է, որ հենց այդ օրն է Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կողմից նվեր ստացել անվանական զենք`ատրճանակ:

Տեսանյութեր

Լրահոս