Բաժիններ՝

Կինը հակասական ցուցմունքներ է տվել. Բռնաբարությո՞ւն, թե՞…

Երևանի 28-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մարտի 11-ին, ժամը 14:00-ի սահմաններում՝ տեսնելով փողոցում միայնակ քայլող իր ծանոթ 39-ամյա կնոջը, նրան առևանգելու նպատակով իր տրամադրության տակ գտնվող «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայից վերցրել է պտուտակահանը, այն սեղմել աղջկա մեջքին՝ որպես զենք, բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով վերջինիս կամքին հակառակ նստեցրել է ավտոմեքենան, նրան ծեծի ենթարկելով տեղափոխել է Նուբարաշեն 6 փողոցի 1/9 հասցեի մոտակայքում գտնվող ամայի տարածք և ավտոմեքենայի սրահում աղջկա կամքին հակառակ, բռնություն գործադրելով և սպառնալիքներ հասցնելով սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից:

Նախկինում դատապարտված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ մարդուն առևանգելու, ինչպես նաև բռնաբարության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ և 138-րդ հոդվածի 1-ին մաս): Նա կալանավորված է եղել, գտնվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Ըստ datalex դատական տեղեկատվական համակարգուն տեղադրված դատավճռի՝ կինն ամուսնացած է, ապրել է ամուսնու և երկու երեխաների հետ, իսկ նրա հարևանությամբ ապրել է մեղադրյալի պապը: Ըստ մեղադրանքի՝ 2007-ից մտերիմ հարաբերություններ են հաստատվել մեղադրյալի և 39-ամյա կնոջ միջև, ապա ինտիմ կապ է ստեղծվել կնոջ և մեղադրյալի միջև, ինչի պատճառով մեղադրյալը դանակահարել է 39-ամյա կնոջ ամուսնուն և դատապարտվել 3 տարի ժամկետով ազատազրկման:

Քրեակատարողական հիմնարկից ազատվելուց հետո մեղադրյալի և 39-ամյա կնոջ հարաբերությունները շարունակվել են:  Այդ ընթացքում մեղադրյալը գնացել է կնոջ տուն, ոտքերով հարվածել է նրա տան դարպասներին, քարեր նետել դեպի բակ, ավտոմեքենայից վերցրած մետաղյա լինգով սպանության իրական սպառնալիքներ է տվել կնոջ ու նրա ամուսնու հասցեին: Այս դեպքով ևս քրեական գործ է հարուցվել. 28-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 1 տարի ազատազրկման:

Առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկվել է քրեական վերաքննիչ դատարան. բողոքարկման ընթացքում մեղադրյալի և 39-ամյա կնոջ միջև հարաբերությունները շարունակվել են:

2013-ի մարտի 8-ին նրանք գնացել են հյուրանոց և սեռական հարաբերություն են ունեցել, երիտասարդը նրան մարտի 8-ի կապակցությամբ օծանելիք է նվիրել: Հաջորդ օրը մեղադրյալը գնացել է կնոջ տուն և տանից դուրս է կանչել նրան։

Նույն օրը կինը հաղորդում է տվել ոստիկանության Շենգավիթ բաժին, որ իր նախկին ընկերը, ցատկելով իրենց տան դարպասի վրայից, մտել է բակ և իրեն սպառնացել է, որ եթե ինքը բակ դուրս չգա, ապա կմտնի տուն և իր աչքի առաջ կսպանի իր երեխաներին: Այս դեպքով հարուցվել է քրեական գործ, կատարվել է նախաքննություն:

Երկու օր անց «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ ստորին ծնոտի հոդախախտով բուժօգնության է դիմել 39-ամյա կինը, ով հայտարարել է, որ իրեն բռնաբարել են։

Նույն օրը նա  հաղորդում է տվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ ժամը 14:00-ին իր ծանոթը՝ մեղադրյալը, Նուբարաշենի տարածքում իր մեքենայի մեջ փորձել է իրեն բռնաբարել։ Ինքը մի կերպ դուրս է պրծել նրա ձեռքից, սակայն նա, իրեն բռնելով, ծեծի է ենթարկել, կոտրելով իր ծնոտը` շարունակել է իրեն բռնաբարել։

Մեղադրյալն իրեն մեղավոր չի ճանաչել, ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի օրը պատահաբար է հանդիպել կնոջը, նրա հետ վերջինիս ցանկությամբ իր սեփական ավտոմեքենայով գնացել են Նուբարաշենում գտնվող ամայի վայր և ավտոմեքենայի մեջ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել:

Ամբաստանյալը հայտնել է, որ սեռական հարաբերություն ունենալու ընթացքում կինն  իրեն վատ է զգացել, ուշագնաց է եղել։ Որպեսզի նրան ուշքի բերի, ինքը մի քանի անգամ ապտակել է կնոջը, այդ պատճառով է նա ստացել մարմնական վնասվածքները։ Այնուհետև իր կամքով իր անձնական ավտոմեքենայով կնոջը տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն` նրան բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։ Նրա խոսքով՝ ինքը կնոջը չի առևանգել, նրա նկատմամբ որպես գործիք պտուտակահան չի կիրառել, պտուտակահանը մշտապես գտնվել է իր ավտոմեքենայի սրահում` մագնիտոֆոնի անսարքությունները վերացնելու համար, ինքը կնոջը չի բռնաբարել, իրենց միջև սեռական ակտը կատարվել է փոխադարձ համաձայնությամբ:

Գործով տուժող ճանաչված կինը նախապես ցուցմունք է տվել այն մասին, որ 2007 թվականից ճանաչում է մեղադրյալին։ Ժամանակի ընթացքում նրանց միջև ձևավորվել են մտերիմ հարաբերություններ, ապա նաև` ինտիմ կապ։ 2013 թվականի փետրվարի վերջերին ինքը խզել է կապերը մեղադրյալի հետ և նրանից պահանջել իրեն այլևս չանհանգստացնել։

2013 թվականի մարտի 11-ին նա տանից դուրս է եկել, որպեսզի գնա վարսավիրանոց։ Փողոցների խաչմերուկի մոտ ավտոմեքենայով շատ ուժեղ արագությամբ եկել է մեղադրյալը, մեքենան կանգնեցրել իր դիմաց և պահանջել է նստել մեքենայի մեջ։ Կինը պատմել է, որ ստանալով իր մերժումը, մեղադրյալը բացել է մեքենայի պահատուփը, այնտեղից վերցրել պտուտակահան և մեքենայից իջնելով, ձախ ձեռքով բռնել է իրեն, պտուտակահանը դրել է իր մեջքին և սեղմել` ասելով թե կատակ չի անում, կխփի։ Ինքը, վախենալով մեղադրյալից, նրան լավ ճանաչելով, մտածել է, որ նա կարող է պտուտակահանը մտցնել իր մարմինը, մեղադրյալի ուղեկցությամբ և պտուտակահանի ճնշման տակ մոտեցել է ավտոմեքենային։

Ըստ կնոջ ցուցմունքի՝ մեղադրյալը իրեն հրել է մեքենայի մեջ և դուռը փակել, մեքենան վարել Նուբարաշենի ուղղությամբ և ճանապարհին մի քանի անգամ հարվածել է իրեն, սպառնացել, որ եթե փորձի փախչել իրեն և իր երեխաներին կսպանի։ Կինը պատմել է, որ ճանապարհին մեղադրյալն իրենից պահանջել է գումար, ապա վերցրել 1000 դրամ արժողության թղթադրամ, մտել է խանութ և գնել 2 շիշ գարեջուր և ծխախոտ, իսկ իր խնդրած ջուրը չի բերել՝ ասելով, թե ինքը դրան արժանի չէ։

Ըստ կնոջ՝ դրանից հետո մեղադրյալը մեքենան վարել է ամայի մի վայր, կանգնել և ստիպել է գարեջուր խմել, որից ինքը հրաժարվել է, սակայն նա փորձել է հարկադրաբար խմեցնել իրեն գարեջուրը, որից ինքը կորցրել է հավասարակշռությունը և հարվածել մեղադրյալի կրծքավանդակին, որի ընթացքում իր մատին եղած մատանու վրայի քարերը ընկել են։

Վերջինս մի կողմ է դրել գարեջրի շիշը և իր դեմքին ձեռքով մի քանի անգամ հարվածել, ապա հանել է իր հագի ճտքավոր կոշիկները, ձախ ոտքի զուգագուլպան, նույն կողմի ներքնաշորը։ Կինը պատմել է, որ լինելով ուժասպառ, ինքը դիմադրություն չի կարողացել ցույց տալ, մեղադրյալին ասել է, որ իր մոտ դաշտանային ցիկլ է և ինքը միջադիր է օգտագործել։ Մեղադրյալը, արհամարհելով այդ հանգամանքը, ամբողջովին իջեցրել է առջևի աջ նստատեղի հենակը, պառկել իր վրա և սկսել համբուրել, ապա…

Ըստ կնոջ ցուցմունքի՝ ինքը խնդրել է մեղադրյալին դադարեցնել՝ խաբելով, որ իբր 10 րոպե հանգստանալուց հետո ինքը կամովին կտրվի իրեն, ինչին մեղադրյալը հավատացել է, ապա ինքը դուրս է եկել մեքենայից և նստել մոտակա քարի վրա։ Շուրջ 2 րոպե նստած մնալուց հետո, երբ մեղադրյալը գարեջուր է խմել, ինքը ոտքի է կանգնել ու դիմել փախուստի, սակայն մեղադրյալը արագ մեքենան վարել է իր հետևից, հասել է իրեն, իջել մեքենայից, իրեն դաժան ծեծի է ենթարկել, որի պատճառով ծնոտը դուրս է եկել, ապա տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Հետագայում կինը դատարանին հակասական ցուցմունքներ է տվել այն մասին, որ սիրում է մեղադրյալին, ցանկանում է նրա հետ ամուսնանալ, «իր խղճի վրա նստել» է այն, որ մեղադրյալն արդեն երրորդ անգամ դատվում է իր պատճառով: Կինը ասել է նաև, որ մեղադրյալն իրեն չի առևանգել և չի բռնաբարել, այդ ինքն է նրա հետ իր կամքով գնացել Նուբարաշեն, իր կամքով է նրա հետ սեռական հարաբերություն ունեցել, որի ընթացքում ինքը վատացել է, և որպեսզի իրեն ուշքի բերի, մեղադրյալն իրեն ապտակել է, որի ընթացքում էլ ստացել է իր մոտ արձանագրված մարմնական վնասվածքները։

Կինը նշել է, թե ինքը նախաքննության ժամանակ սուտ ցուցմունքներ է տվել, ոստիկանության բաժնին իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել, քանի որ իր մոտ են գտնվել իր հարազատները` քույրը, որդին, ամուսնու հարազատները, որից ինքը կաշկանդվել է և իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ ու հաղորդում է տվել, քննիչն իրեն ահաբեկել է, որ եթե ինքը մեղադրյալի դեմ ցուցմունք չտա, ապա կզանգահարի Մոսկվա և իր ամուսնուն այդ մասին տեղյակ կպահի։ Նա նաև ասել է, որ ինքն ու մեղադրյալը ցանկանում են ամուսնանալ:

Այս ցուցմունքը դատարանն արժանահավատ չի համարել, դրանք գնահատել է որպես ամբաստանյալին պատասխանատվությունից և պատժից ազատելուն միտված դիրքորոշում, ամբաստանյալի նկատմամբ ցուցաբերվող խղճահարության դրսևորում:

Դատարանը ապացուցված է համարել երիտասարդի մեղքը. նրան դատապարտել 6 տարի ազատազրկման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս