Արթուր Բաղդասարյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունին: ԱԱԽ Քարտուղարն ու դեսպանը քննարկեցին Հայաստանի և Չինաստանի միջև առկա համագործակցության վիճակը և զարգացման հեռանկարները: Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը շահագրգիռ է Չինաստանի հետ երկկողմ, մասնավորապես տնտեսության և անվտանգության ոլորտներում հարաբերություններն էլ ավելի խորացնելու հարցում:

Դեսպանը տեղեկացրեց, որ Չինաստանում նախագահի գլխավորությամբ ստեղծվել է Անվտանգության խորհուրդ և կան անհրաժեշտ բոլոր հնարավորությունները Հայաստանի և Չինաստանի Անվտանգության խորհուրդների միջև փոխգործակցություն հաստատելու և զարգացնելու համար: Քննարկվեց Արթուր Բաղդասարյանի հրավերով Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ, քաղաքական իրավաբանական հանձնաժողովի քարտուղար Մեն Ջիանջուի` Հայաստան այցելությանն առնչվող հարցեր: Արթուր Բաղդասարյանն ու Տյան Չանչունն անդրադարձան նաև տարածաշրջանային խնդիրներին:

Ի լրումն. ս.թ. փետրվարի 14-16-ը Հայաստան է ժամանելու Չինաստանի կոմունիստական կուսակցության պատվիրակությունը` կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային կապերի բաժնի ղեկավարի տեղակալ Ջոու Լիի գլխավորությամբ:

«Օրինաց երկիր» կուսակցության և Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջև հաստատված և զարգացող համագործակցության շրջանակներում Ջոու Լիին կընդունի նաև «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` քննարկելու համար երկկողմ համագործակցության հարցեր:

Ազգային անվտանգության խորհուրդ 

Տեսանյութեր

Լրահոս