Ինչպես կանխել գրիպի և սուր շնչառական հիվանդությունների վարակները
Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2014 թվականի 3-րդ շաբաթվա տվյալների համաձայն` գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվությունն ԱՀԿ անդամ երկրներում և եվրոպական տարածաշրջանում գտնվում է ցածր մակարդակի վրա:
2014 թվականի անցած շաբաթների ընթացքում եվրոպական տարածաշրջանում շրջանառում է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը, ի տարբերություն 2013 թվականի նույն ժամանակահատվածի, երբ արձանագրվում էր գրիպի Ա տեսակի H1N1պնդ09 ենթատեսակը: Գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների արդյունքում դրական նմուշների թիվը եղել է բավականին ցածր:
Ինչ վերաբերում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացված հիվանդների լաբորատոր հետազոտություններին, ապա պետք է նշել, որ վերջիններիս մոտ արձանագրվել է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը, 2013 թվականի միևնույն ժամանակահատվածի գրիպի Ա տեսակի H1N1պնդ09 ենթատեսակի դիմաց:
Տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, ԱՀԿ տվյալների համաձայն, գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը լարված չէ: Նշված երկրներում արձանագրվում է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը, իսկ Ռուսաստանի Դաշնությունում Ա տեսակի H1N1պնդ09 ենթատեսակը ևս:
Հայաստանի Հանրապետությունում ներկայումս սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանգիստ է: Դիտվում է սեզոնային բնականոն ընթացք:
Իրականացվող մոնիտորինգի տվյալներով` Հայաստանում սուր շնչառական վարակների հիվանդացությունը, 2014 թվականի ընթացքում 2013 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ գտնվում է միևնույն մակարդակի վրա:
Հանրապետությունում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը:
2014 թվականի անցած շաբաթների ընթացքում հոսպիտալացվել է միջին ծանրությամբ սուր շնչառական վարակների 7 դեպք, որոնց լաբորատոր հետազոտություների արդյունքում ևս անջատվել է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը: Վերջիններիս հոսպիտալացումը պայմանավորված է եղել բժշկական օգնության ուշ դիմելիությամբ, որոնք ստանալով համապատասխան բուժում դուրս են գրվել առողջացմամբ:
Ելնելով վերը նշվածից` գրիպի ու դրա բարդություններից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությանը հիշեցնում է`
– խուսափե´ք հիվանդների հետ շփումից,
– եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը,
– եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
– հագնվե´ք եղանակին համապատասխան,
– պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
– օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
– հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները:
ՀՀ Առողջապահության նախարարություն