ԱԺ-ում կրքերը թեժացան. «Ա1+»
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկումները թեժացան, ու գործը հասավ միմյանց վիրավորելուն: Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը:
Նշենք, որ քննարկվում էր ՀՀԿ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Դավիթ Հարությունյանի, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի եւ ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանի հեղինակած նախագիծը: Ըստ այդմ` Գլխավոր դատախազը պետք է հաղորդում ներկայացնի ԱԺ-ին, ու արդյունքում ներկայացվի եզրակացություն:
Խնդիրն առաջացավ այն բանից հետո, երբ Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանի նյարդերը տեղի տվեցին հնչող գնահատականներից ու կարծիքներից, եւ նա հայտարարեց. «Ես կխնդրեի մի փոքր լուրջ վերաբերվել Կառավարության կարծիքին: Ինձ համար անհասկանալի է` ձեր ասած զարմանալը, չհասկանալը. ինձ համար` դասեր տալու ոճով ինձ սովորեցնելը, մեղմ ասած, ծիծաղելի է, ու այս ոճն ինձ համար ընդունելի չէ»:
Նիստը վարող, հանձնաժողովի փոխնախագահ, ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը միջամտեց նրան` հայտարարելով. «Ի՞նչն է ծիծաղելի, սա լուրջ քննարկում է, հորդորում եմ ձեզ` կոռեկտության մեջ մնալ»: «Պարոն Մարգարյան, ձեր միջամտությունն ակնկալվում էր ավելի վաղ, ու ես պահում եմ կոռեկտությունը, եւ, ի դեպ, ես ինքս կարող եմ այստեղ իրավական ու Սահմանադրության դասեր տալ»:
Այս խոսքերը վիրավորեցին պատգամավորներին. ՀՀԿ պատգամավորներ Կարեն Ճշմարիտյանն ու Դավիթ Հարությունյանը բուռն արձագանքեցին. «Դուք հիմա վիրավորում եք բոլորիս, սա ինչ բան է: Ես կոչ եմ անում նիստը վարողին դադարեցնել նիստը, եթե այսպես է շարունակվելու»:
Այնուհետեւ Դավիթ Հարությունյանն իր ելույթում հիշեց մի անեկդոտ, երբ երկու հոգի գնում են փողոցով, ու մեկը մյուսին ասում է` արի ծեծենք դիմացից եկողին, մյուսն էլ ի պատասխան ասում է` բա որ նա մեզ ծեծի՞, նա էլ, թե` մեզ ո՞վ կարող է ծեծել. «Կառավարության ներկայացուցչի ոճը վիրավորական էր` ուսուցողական, դա անընդունելի է. կառավարության ղեկավարը պետք է որոշի, թե ում է ուղարկում ԱԺ, որ կարողանա պահի էթիկայի կանոնները»:
Գրիգոր Մուրադյանը ռեպլիկի կարգով ելույթների ավարտին հայտարարեց, թե ԱԺ Կառավարության ղեկավարն ում կուղարկի՝ ինքն է որոշում. «Սա էթիկայի խնդիր է, այստեղ սուտ տեղեկատվություն չի տարածվել իմ կողմից ու ընդհանրապես այստեղ բացահայտ մեղադրանք հնչեցվեց իմ հասցեին»:
Մինչ այդ, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ելույթ ունենալով, նշեց, որ պատահաբար կամ թյուրիմացաբար ինքն այս նախագծի համահեղինակների ցանկում չկա ու խնդրեց իրեն եւս ընդգրկել, քանի որ կողմ է: Նա հիշեցրեց «Մարտի մեկի ժամանակավոր նոր հանձնաժողով» ստեղծելու մասին իր հեղինակած նախագծի քննարկումները, որի ժամանակ արդեն կողմ էր արտահայտվել նման նախագիծ ստեղծելուն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: