Շոտլանդիայի Գլազգոյի համալսարանի ուսանողներն իրենց ռեկտորի պաշտոնում ցանկանում են տեսնել Սնոուդենին
ԱՄՆ անվտանգության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը համաձայնել է դառնալ Գլազգոյի համալսարանի ուսանողական ռեկտորի թեկնածու եւ ներկայացնել ուսանողների շահերը համալսարանի ղեկավարության հետ հանդիպումներում, գրում է «The Independent»-ը:
Նախընտրական արշավի կազմակերպիչ ուսանողների խումբը հայտարարել է, որ իրենք հիանում են Սնոուդենի արարքով եւ ցանկանում են առաջադրել նրա թեկնածությունը, որպեսզի հանրության ուշադրությունը մեկ անգամ եւս հրավիրեն պետության կողմից մարդու անձնական կյանք ներխուժելու խնդրի վրա:
Ուսանողական ռեկտորն ընտրվում է բուհի ուսանողների ուղիղ քվեարկության միջոցով: Սնոուդենից բացի, այդ պաշտոնին հավակնում է եւս երեք թեկնածու: Ընտրությունները տեղի կունենան փետրվարի 17 –ին եւ 18-ին: Շոտլանդիայի հնագույն համալսարաններից մեկը համարվող Գլազգոն հիմնադրվել է 1451 թ-ին: