Բաժիններ՝

Դ!ԵՄ ԵՄ-ի պատասխանը ՀՀ ոստիկանության հայտարարության առնչությամբ

Սույն թվականի հունվարի 16-ին՝ առավոտյան 8.30-ին մեկնարկեց և շուրջ մեկուկես ժամ տևեց «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կազմակերպած իրազեկման ավտոերթը Հանրապետության հրապարակում:

Այդ կապակցությամբ ցանկանում ենք գնահատել ճանապարհային ոստիկանության (ՃՈ) կատարած աշխատանքը՝ շնորհակալություն հայտնելով ՃՈ աշխատակիցների ցուցաբերած պրոֆեսիոնալ և ադեկվատ պահվածքի համար: Ցանկանում ենք նշել նաև, որ ճանապարհային ոստիկանության պետը երթի մասին նշեց, որ ոչ մի խախտում չի նկատել և օրենքի սահմաններում որակեց ավտոերթը։

Այդուհանդերձ, ցավով արձանագրում ենք, որ հունվարի 18-ին կայանալիք «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կազմակերպած հավաք-երթի նախօրեին ճնշման և վախի մթնոլորտի տարածման նպատակով ավտոերթի մասնակից մի շարք քաղաքացիների տներ այցելել կամ զանգահարել են անձինք, ովքեր ներակայացել են որպես ՀՀ ոստիկանության աշխատակիցներ: Նրանք, պատճառաբանել են, թե ավտոերթի տվյալ մասնակցին պատկանող ավտոմեքենայի նույն մակնիշն ունեցող ավտոմեքենայով իբր թե վրաերթ կամ ճանապարհատրանսպորտային պատահար է եղել, ինչի պատճառով էլ զննում են տվյալ մակնիշի ավտոմեքենաները: Զավեշտալին այն է, որ տարբեր մակնիշների ավտոմեքենաներ վարող տարբեր քաղաքացիների տուն այցելելիս ներկայացվել է նույն պատմությունը՝ համապատասխանաբար փոխելով միայն ավտոմեքենայի մակնիշը:

17.01.2014թ. Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, ոստիկանությունը նման գործառույթներ չի իրականացնում:

Քանի որ ավտոերթի մասնակիցները չէին կարող ակնկալել նմանատիպ քայլեր ոմանց կողմից՝ ուղղված ակցիայի մասնակիցների վրա ճնշման գործադրմանը և մարդկանց ահաբեկմանը սպասվելիք հավաք-երթից առաջ, նրանք համապատասխանաբար պատրաստված չեն եղել ձայնագրելու կամ նկարահանելու ոստիկանության կողմից ներկայացած անձանց կամ նրանց հեռախոսային խոսակցությունները:

Այնուամենայնիվ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը հայտարարում է, որ մենք վստահում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական հայտարարությանը՝ այդուհանդերձ հիմքեր ունենալով ոստիկանության անունից ներկայացած և օրենքով չսահմանված համապատասխան գործառույթներ իրականացրած անձանց բնորոշել որպես ինքնակոչներ կամ սադրիչներ, ովքեր ոչ միայն փորձում են ահաբեկել մարդկանց, այլև վարկաբեկել ոստիկանության հեղինակությունը:

Մենք ակնկալում ու հավատում ենք, որ մեր ոստիկանությունը, որ կոչված է պաշտպանելու մեր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, կարևորելով իր հեղինակությունը հանրության շրջանում, թույլ չի տա, որ առաջիկայում կայանալիք նմանատիպ ակցիաներից առաջ, ընթացքում կամ հետո ինչ-որ օրինախախտ ինքնակոչներ կամ սադրիչներ փորձեն դիմել նման ստոր քայլերի:

Մենք՝ Հայաստանի Հանրապետության օրինապաշտ քաղաքացիներս, պաշտպանված ենք ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով, և որևէ մեկը մեզ չի կարող ահաբեկել իր սադրիչ գործողություններով:

Դ!ԵՄ ԵՄ թիմ
dem.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս