Դ. Հակոբյան. ԱԺ ոչ իշխանական ուժերը երիտասարդությանն են օգտագործում, նրանց շիրմայի տակ են թաքնվում…

Հունվարի 18-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը, ըստ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի, ցույց տվեց, որ ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցություններն օգտագործում են երիտասարդներին, որոնք պայքարում են կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի դեմ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Դ. Հակոբյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյոք հիմնավո՞ր են տեսակետները, որ ոչ իշխանական չորս ուժերը օգտվում են երիտասարդների պայքարից:

«Սա արդեն մի իրականություն է, որը հուշում է, որ 3-րդ Հանրապետության վախճանը մոտալուտ է և կեցցե 4-րդ Հանրապետության երկունքը: Երիտասարդությանն են օգտագործում, նրանց շիրմայի տակ են թաքնվում… պիղծ, կեղծ վիճակ, թե իբր… դա կատարյալ  խաբեություն է: Ամեն շարժման ֆավորիտը պետք է լինեն քաղաքական ուժերը, ոչ թե դեղնակտուց, անչափահաս քաղաքական գործիչները: Հայ ժողովուրդը այդ քաղաքական ուժերին վճարում է դրա համար, իսկ նրա՞նք… Իբր թե իրենց տեղը զիջել են երիտասարդական շարժմանը, իրենք էլ սալիդարնոստի համար օգնում են, հովանավորում են: Ինչո՞ւ հեգեմոնիան քաղաքական ուժերի ձեռքում չէ՞…

էդ ինչո՞ւ մանդատները վայր չդրեցին, 3000 դոլարից չհրաժարվեցին, էդ ինչո՞ւ, ինչպե՞ս… ամբողջ օլիգարխիկ կապիտալը զավթել է պառլամենտական ինստիտուտը, իսկ 65-րդ հոդվածն ուղղակի կոխկրտված է: Էդ ինչո՞ւ այդ չորս խմբակցությունները չեն ասում դրա մասին, որովհետև իրենք էլ այդ օլիգարխիկ կապիտալի արդյունք են այնտեղ նստած: Բոլոր օլիգարխիկ կապիտալի ներկայացուցիչները կամ նրանց լակեյներն են այնտեղ նստած: Իրենք իրենց համար օրենք են գրում, իրենք իրենց համար…»,- նշեց նա:

Մարքսիստը շեշտեց, որ ինչպես կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի դեմ պայքարի, այնպես էլ՝ այլ շարժումների դեպքում, առաջնորդող և ուղղորդող պետք է լինեն ընդդիմադիր կուսակցությունները՝ քաղաքացիներին «մարտնչող բանակ» դարձնելու համար:

«Եթե չգիտեն՝ ես հուշում եմ: Ես չեմ փնովում երիտասարդներին, հակառակը՝ ողջունում եմ, որ նման համարձակություն են դրսևորում, բայց նրանց պետք է առաջնորդի ոչ իշխանական խմբակցությունների խումբը: Իսկ նրանք 3000 դոլարը դնում են, ասում են, թե շարժումը տալիս են երիտասարդությանը, երբ գործը քաղաքակական հանցագործությունների մասին է: Սա մեծագույն պիղծ գործարք է: Ասում են, թե մենք Տիգրան Սարգսյանին ենք դեմ: ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն վարչապետին են հանդիմանում: Պարոնայք, գլխավորը նախագահն է, ինչո՞ւ եք սլաքները վարչապետի դեմ ուղղում»,- հավելեց նա:

Ըստ Դ. Հակոբյանի՝ ընդդիմությունը խաբում է հասարակությանը, երբ հայտարարում է, որ իշխանափոխություն չեն ուզում, փոխարենը՝ պայքարում են սոցիալական ռեֆորմների համար:

«Ինչքա՞ն կարելի է հասարակությանը խաբել. այդ պետական մեքենան ի վիճակի չէ այդ գործը կատարելու: Ինչո՞ւ չեն ասում՝ նոր պետական մեքենայի ձևավորում է պետք: Վերցրեք այդ պառլամենտական ոչ իշխանական խմբակցությունների ցուցակները՝ ողորմելի, ողբերգական: Այդ ո՞վ է ձևակերպել այդ ցուցակները, ո՞վ: Կազմել են նրանք՝ ում համար ծառայում են»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս