Քոչարյան – ՀՀԿ կրակոցները հետաքրքիր են դառնում. Բագրատյան
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքայն էջում անդրադարձել է Քոչարյան – ՀՀԿ փոխհրաձգությունների եւ «մազութի գործի» մասին.
«Քոչարյան – ՀՀԿ կրակոցները հետաքրքիր են դառնում։ Չգիտեմ դրանք ինչի հետ են կապված։ Մի տարբերակ. գործող նախագահը պայմանավորված խաղ է տանում Քոչարյանի հետ և արհեստականորեն վերջինիս ռեաբիլիտացիա անելով փորձում է իշխանություն-ընդդիմություն դիմակայությունը ներկայացնել իբրև Սարգսյան-Քոչարյան դիմակայություն։ Երկրորդ տարբերակ, դուրսը, վախենալով երկրում առկա խայտառակ վիճակից ու նոր, իրական ընդդիմության ձևավորումից, փորձում է քարտերը խառնել. թե եղբայր ձեր ընդդիմությունն էլ, դիմությունն էլ էս Սարգսյանն ու Քոչարյաննն են, որ կան։ Բայց այդ «առճակատման» մեջ հետաքրքիր բաներ կան։ Այսպես, Քոչարյանի հուշերից պարզվում է, որ 1995-1996թթ ընդամենը 60 մլն դոլարով նախկին իշխանությունները (այդ թվում ձեր խոնարհ ծառան) կառուցել էին Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը։ Այն պարզվում է, 250 մլն դոլարով վաճառվել է Գազպրոմին և 300 մլն է ծախսվել մնացած 10%-ն ավարտելու համար։ Հիշեցնեմ, որ 1999թ մազութի գործի մեջ ամենամեծ բաժինը վերաբերվում էր Հրազդանի 5-րդ էներգաբլոկին։ Ուրեմն Քոչարյանը հիանալի գիտեր, թե ընդամենը 60 մլն դոլարով ինչ աշխատանք էր կատարվել։ Ուրեմն մազութի գործով «ելույթ ունեցող» ստահակներին ինքն էր լարել։ Չեմ մոռանա, երբ դատախազության քննիչն ինձ հարցրեց. էս 3 մլն-ը Թուրքմենստանին ի՞նչի եք փոխանցել։ Ասում եմ, 5 տարում 6 մլրդ մ3 գազ եմ բերել, 80 մլն դոլար պիտի տայինք (ներկայումս Գազպրոմին մենք յուրաքանչյուր տարի 320 մլն դոլար ենք փոխանցում), հիմա 3-ն էլ չտայինք։ Քննիչն ասում է, է հա չէիք տվել չէիք տվել էտ 3-ն էլ չտայիք։ Իհարկե, շնորհակալություն պետք է հայտնեմ քննիչներին, որոնք խորանալով գործի մեջ վերջում ասեցին, թե մի օր այս ժողովուրդը կհասկանա, թե ինչ եք արել։ Հիմա, 5-րդ էներգաբլոկ, Իրանի գազատար, ատոմակայան, բոլորն էլ իմ կառուցած կամ վերագործարկած օբյեկտներն են։ Խնդիրն ի՞նչ է, որ Հայաստանը էներգետիկ օբյեկտ չունենա։ Քոչարյանն ասում է, քծնելով Գազպրոմին, թե այս վերջին 20%-ի վաճառքում որոշ թերություններ կան։ Տո որոշ չէ է, մեծ թերություններ կան։ Լավ բա էլ ի՞նչի էիր մեր դեմ մազութի գործ սարքել։ Կուզենայի երկրորդ նախագահին մի հարց էլ տալ. տեղեկություն ունե՞ս, թե ի՞նչ է եղել Սևան-Հրազդան կասկադը»։