Լևոն Զուրաբյան. Շուտով գալու է այս իշխանության՝ ժողովրդին հաշիվ տալու ժամանակը
«Անկախ և ինքնիշխան Հայաստանը սկսվում է հենց այս հրապարակից»,- այս մասին Ազատության հրապարակում «Դեմ եմ» քաղաքացիական ակցիայի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա հայտարարեց, որ ինքն այսօր կարող է շնորհավորել հավաքվածներին, որ հավաքը կայացավ և իշխանություններին ապացուցեց, որ ժողովուրդը ոտքի է կանգնում: Այն, որ քաղաքացիներն ակտիվ գտնվեցին կուտակային պարտադիր բաղադրիչի դեմ պայքարի հարցում, ըստ Լևոն Զուրաբյանի՝ նպաստեց նաև ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի միասնականության ամրապնդմանը:
«Այսօրվա հանրահավաքի մարդաշատությունը հենց մեր քաղաքացիական հասարակության, առաջատար քաղաքական ուժերի աննախադեպ համախմբման արդյունքն է»,- նշեց նա:
ՀԱԿ խմբակցության պատգամավորը դիմելով նախաձեռնողներին՝ ասաց. «Սա ձեր հանրահավաքն է, ձեր ոճը մի քիչ քաղաքավարական է, բայց ես՝ որպես Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ցանկանում եմ նույն խնդրի մասին ավելի անկաշկանդ և կոշտ ոճով խոսել»: Նա հորդորեց ասել ողջ ճշմարտությունը՝ նշելով. «Սա իրականում ոչ թե բարեփոխում է, այլ` թալան: Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, այո, կան ֆինանսական զարգացած ինստիտուտներ, կուտակային կենսաթոշակային հիմնադրամներ, ինվեստիցիոն հիմնադրամներ, կապիտալի արժեթղթերի զարգացած շուկաներ, որոնցում պետությունը պաշտպանում է ներդրումներն ու կենսաթոշակային ավանդները և թույլ չի տալիս, որ անբարեխիղճ գործարարները թալանեն ներդրողներին և ավանդատուներին: Տասնյակ տարիների ընթացքում այս ինստիտուտներն իրենց բարեխիղճ աշխատանքով վաստակել են ավանդատուների վստահությունը: Դա է պատճառը, որ Արևմուտքում ոչ ոք չի վախենում ապագայի համար ներդրումներ անել, այդ թվում՝ նաև կուտակային հիմնադրամներում»:
Ինչ վերաբերում է Հայաստանում կուտակային պարտադիր բաղադրիչի ներդրմանը, ապա Լևոն Զուրաբյանը նշեց. «Մենք կարո՞ղ ենք արդյոք վստահել պետությունը սեփական հարստության համար դուքյան դարձրած այս օֆշորային զույգ գեներալներին: Ես նկատի ունեմ Սարգսյանների ավազակապետական զույգը: Հայաստանում կա՞ գոնե մեկ միամիտ, որ կարծում է, թե կուտակային այդ հիմնադրամների կառավարիչները բարեխիղճ պրոֆեսիոնալ մենեջերներ են, ում կարելի է 20 տարով վստահել սեփական գումարները: Թե՞ բոլորս գիտենք, որ դրանք երկրում իշխող մաֆիոզ կլանի սովորական բանդիտներ են, որոնց ֆունկցիան լինելու է հսկայական գումարների արագ յուրացումը»:
Պատգամավորն անդրադարձավ նաև Համաշխարհային բանկի հրապարակած տվյալներին, ըստ որոնց՝ Սերժ և Տիգրան Սարգսյանների կառավարման օրոք կապիտալի ապօրինի արտահոսքը Հայաստանից՝ փողերի լվացման և կոռուպցիայի հետ կապված, կազմել է շուրջ 5 մլրդ դոլար: «Սա պաշտոնական զեկույց է, որ 5 մլրդ դոլար գումար ապօրինի դուրս է եկել Սերժ և Տիգրան Սարգսյանի կառավարման օրոք: Եվ ի՞նչ, հիմա ուզում են, որ մենք վստահենք մեր փողերը երկիրը թալանող, Վիրջինիայի կղզիների և Կիպրոսի օֆշորներում միլիարդներ կուտակող իշխանությա՞նը: Ֆիլիպինների լեգենդար դիկտատոր Մարկոսը, որը հինգ մլրդ դոլար էր սեփականել 100 միլիոնանոց ֆիլիպին ժողովրդից, ուղղակի միամիտ մանուկ է` մեր հայրենի ավազակապետների հետ համեմատած»,- շեշտեց նա:
Լ. Զուրաբյանը՝ դիմելով հավաքվածներին հարցրեց նաև. «Կա՞ն մարդիկ, որոնք կարծում են, որ երկրի այս համընդհանուր տնտեսական ճգնաժամի, աղքատության և արտագաղթի օրերին, երբ մեր աչքերի առջև երկիրը պարզապես վարի է գնում, երբ, բառիս բուն իմաստով՝ մարդկանց հոգիներում մեռնում է Հայաստանում մնալու և այն շենացնելու գաղափարը, մեկ էլ պարզվում է, որ ամենակարևոր հարցը դա կուտակային ռեֆո՞րմն է, ինչը այս կառավարությունը մոլագարի հետևողականությամբ փորձում է անցկացնել: Եվ իսկապես, դուք մոլագար չէի՞ք համարի մի տանտերի, որը տան հրդեհի ժամանակ կփորձեր տունը վերանորոգել: Իհա՛րկե կհամարեիք: Բայց սրանք մոլագար չեն»:
Նա նշեց, թե կուտակային այս պարտադիր վճարումներն ընդամենը հերթական մի գործիք են՝ մոգոնված հատուկ ժողովրդի թալանի համար: «Իբր քիչ էր տնտեսության մենաշնորհացումը, փոքր և միջին բիզնեսի ջախջախումը հարկային և մաքսային տեռորի միջոցով, արագաչափերը, կայանման կարմիր գծերը, գազի և էլեկտրաէներգիայի հետ կապված թալանը, հիմա էլ թալանի նոր միջոց են գտել՝ այս պարտադիր կուտակային վճարումները: Հիմա ի՞նչ, թո՞ւյլ տանք սա: Թույլ չենք տալու»,- հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
Ի դեպ, հանրահավաքի ընթացքում հավաքվածները բազմիցս հնչեցրին «Պայքար, պայքար մինչև վերջ» և «Սերժիկ, հեռացիր» կարգախոսները, ինչի առնչությամբ Լևոն Զուրաբյանն ասաց. «Ապրեք, ապրեք, որ հնչեցրիք այս կարգախոսները: Ես դեռ չեմ ուզում դրանք հնչեցնել, բայց շատ շուտով գալու է այս իշխանության՝ ժողովրդին հաշիվ տալու ժամանակը»:
Նախաձեռնող ակտիվիստները չողջունեցին «Պայքար, պայքար» մինչև վերջ կարգախոսը և համառորեն բղավում էին՝ «Մենք ենք տերը մեր երկրի», ինչի առնչությամբ Լ. Զուրաբյանը նկատեց. «Ժողովուրդ ջան, պայքարել մինչև վերջ կարելի է ցանկացած հարցով: Այս կարգախոսից պետք չէ խրտնել»:
Ապա շարունակելով իր խոսքը՝ Լ. Զուրաբյանն ասաց, թե թալանին վերջ տալու համար ոտքի ենք կանգնելու ամբողջ ժողովրդով: Ըստ նրա՝ պետք է ոչ միայն թալանի այս մեկ գործիքը հեռացնել, այլ երկիրը փրկել թալանչիական այս համակարգից, որովհետև, նրա համոզմամբ՝ այս իշխանությունները չեն նահանջելու անգամ մեկ սանտիմետր, եթե հրապարակում չտեսնեն տասնյակ-հազարավոր մարդկանց:
«Եվ ուրեմն, բանալին հենց ժողովրդի ակտիվությունն է, իսկ դրան կարելի հասնել միացյալ ընդդիմության և ազատ քաղաքացիների միասնական ջանքերով: Գալիս է այս իշխանություններից հաշիվ պահանջելու ժամը: Մեր շարժումը դա շարժում է դեպի ազատ, արդար, ազնիվ Հայաստան, օրենքի պետություն, որը կառավարվում է ազատ քաղաքացիների կողմից ընտրված ազնիվ, մաքուր, պետական մտածողություն ունեցող նվիրյալների կողմից: Եվ ուրեմն` «Պայքար, պայքար մինչև վերջ»»,- եզրափակեց Լևոն Զուրաբյանը: